Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ . . .
Սրտանց շնորհավորում ենք ձեզ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
Այսօր՝ սեպտեմբերի մեկին, Հայաստանի Հանրապետության հազարավոր ուսումնական հաստատություններ, դրանց շարքում ՝ մարզադպրոցներ, հյուրընկալորեն իրենց դռները բացեցին ձեր առջև:
Դուք կշարունակեք հարստացնել ձեր գիտելիքները մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին նպաստելու համար: Ձեր շարքերում քիչ չեն նաև մարզիկ-մարզուհիները: Ֆիզիկապես կոփված աշակերտների ու ուսանողների մարզական հաջողությունը առնչվում է նաև գիտելիքի հետ:
Գիտության և կրթության համակարգում մեծ տեղ է հատկացվում սովորողների առողջության և ընդհանուր ֆիզիկական պատրաստականության ամրապնդման գործին: Ֆիզիկական կուլտուրան և սպորտը իրենց արժանի տեղը պետք է ունենան յուրաքանչյուրի կյանքում:
Ձեր շարքերում են ապագա օլիմպիականները, դուք եք հաղթական նոր էջեր բացելու հայրենական սպորտի պատմությունում:
Իսկ հաջողություններ գրանցում եք: Հենց միայն նոր ուստարվան նախորդած ամսում ՝ օգոստոսին, Հայաստանի ուսումնական հաստատությունների տասնյակ սովորողներ հաղթող ու մրցանակակիր դարձան միջազգային պաշտոնական մրցաշարերում՝ նվաճելով տարբեր ձուլվածքի մեդալներ :
Հաջողություն, օլիմպիական առողջություն և օգտակար ուսումնառություն ենք ցանկանում ձեզ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ