Երևանում այսօր մեկնարկեց սամբոյի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունը: Նախօրյակին մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը, Եվրոպական ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ելիսեևը և այլ պաշտոնյաներ հյուրընկալվեցին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Շքեղաշուք Օլիմպավանը, այնտեղ տիրող մարզական մթնոլորտը առավել ջերմություն հաղորդեցին հանդիպման մասնակիցներին:
Մարզակառույցի ընդհանուր տեսքը, ազգային խորհրդանիշերը, քանդակներն արդեն իսկ հիացմունք պատճառեցին հյուրերին: Այդ մասին նրանք արտահայտվեցին հանդիպման սկզբից ևեթ:
Հաճելի տպավորությունը առավել թանձրացավ, երբ հյուրերը Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ տեսան համապատասխան մարզադահլիճները, պայմանները, գերժամանակակից մարզագույքը և, իհարկե, օժանդակ մյուս հարմարությունները:
Այս ամենը տեսնելով Վասիլի Շեստակովը ասաց հետևյալը. << Արդեն հասկանալի է, որ հայկական սպորտի վերելքին մեծապես նպաստում է այս հանգրվանը: Հիացած եմ, տպավորված՝ ընդհանուր պայմաններով, առավելապես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Ծառուկյանի ազգանվեր գործունեությամբ:
Նրա կեցվածքն իսկ մարզական է, իսկ կատարած գործը ՝ անթերի: Ամեն բան վկայում է, որ այդ գործիչը սիորւմ է սպորտը, գնահատում մարզաշխարհի մարդկանց աշխատանքը: Ծառուկյանի նման անհատներով է հարստանում ու զարգանում մարզաշխարհն ընդհանրապես:
Հայոց հողում սամբո մարզաձևը սիրող ու գնահատող բարձրակարգ մասնագետներ հիրավի կան: Պատահական չեն այն խոշոր նվաճումները աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, բազում հաջողությունները միջազգային մրցաշարերում, որոնք գրանցվել են Հայաստանի մարզիկների հաշվին:
Այս ամենը գնահատելով սամբոյի միջազգային և Եվրոպական ֆեդերացիաները միաձայն Երևանն ընտրեցին որպես համաշխարհային այս ստուգատեսի մրցավայր:
Շնորհակալություն Հայաստանին մրցաշարը հյուրընկալելու, մասնակիցներին ջերմորեն դիմավորելու համար . . . >>:
Իրեն հատուկ ջերմությամբ ու հարգանքով հյուրերին ողջունեց ՀԱՕԿ նախագահը: Նա հակիրճ խոսքով ասաց, որ հայերը ոչ թե խոսքի, այլ գործի մարդ են: Այս մասին հերթական անգամ կվկայի սամբոյի երևանյան ստուգատեսը:
Գագիկ Ծառուկյանը հաջող ընթացք և ավարտ մաղթեց մրցաշարին, հույս հայտնելով , որ տանտեր մարզիկ – մարզուհիները իրենց բնորոշ բարձր վարպետությամբ կնպաստեն մրցաշարի դիտարժանությանը և հաղթական գոտեմարտերով կուրախացնեն մարզասերներին:
Հանդիպման ավարտին Գագիկ Ծառուկյանը և Վասիլի Շեստակովը հուշանվերներ փոխանակեցին: