ԼԻՎԵՐՊՈՒԼ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐԸ

11:57 - 28 Հոկ, 2022

Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 6-ը կանցկացվի սպորտային մարմնամարզության աշխարհի 51 –րդ առաջնությունը: Դա մարզաձևում նշանակալից իրադարձություն է , որովհետև չեմպիոնները և առաջին վեց թիմերը կստանան Փարիզի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք:

Առաջնությանը հայտավորված են 74 երկրների ավելի քան 400 մարզիկ – մարզուհիներ: Նրանց թվում կլինեն աշխարհի և օլիմպիական խաղերի բազմաթիվ չեմպիոններ և մրցանակակիրներ:

«Սա շատ հետաքրքիր ժամանակ է մարմնամարզության համար: Տոկիոյի օլիմպիական խաղերից ընդամենը մեկ տարի անց մարմնամարզիկները և մարզիչներն արդեն մտահոգվել են  << Փարիզ 2024  >> -ի մասին >> - ասել է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մորինարի Վատանաբեն։

2019 թվականից ի վեր առաջին անգամ կանցկացվի աշխարհի թիմային առաջնություն: Կանանց և տղամարդկանց բազմամարտի եզրափակիչները նախատեսված են նոյեմբերի 3-ին և 4-ին, իսկ առանձին գործիքներինը՝ նոյեմբերի 5-ին և 6-ին։

Բիրմինգհեմից (1993), Լոնդոնից (2009) և Գլազգոյից (2015 թ.) հետո  Լիվերպուլը բրիտանական չորրորդ քաղաքն է, որ հյուրընկալում է աշխարհի առաջնությունը:

Մարզասերները մրցահարթակում կտեսնեն Արթուր Դավթյանին / հենացատկ /, Վահագն Դավթյանին, Արթուր Ավետիսյանին/ երկուսն էլ ՝ օղակներ /, Հարություն Մերդինյանին / նժույգթափեր / և բազմամարտում ՝ Գագիկ Խաչիկյանին: Նրանց ասպարեզ կուղեկցի մարզիչ Հայկ Նազարյանը, իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կաշխատի մրցավարական հանձնախմբում:

Այլ նորություններ