Մարզական օրացույցում հոկտեմբերի 28 –ը նշվում է որպես ձյուդոյի համաշխարհային օր: Ձյուդոն միայն սպորտ չէ։ Այն մի ամբողջ կրթական համակարգ է, որը սերմանում է մարդկային արժեքներ․ դաստիարակում է համառություն, քաջություն, հարգանք և այլ կարևոր հատկություններ:
Մարտարվեստի երկրպագուների թիվը աշխարհում աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ Վիճակագրությամբ աշխարհում ավելի քան 20 միլիոն մարդ զբաղվում է այդ մարզաձևով։
Ի դեպ, հոկտեմբերի 28-ը պատահական օր չէ։ Այդ օրը ծնվել է մարտարվեստի վարպետ, ձյուդոյի հիմնադիր, ճապոնացի Ձիգորո Կանոն։ Նա ձյուդո հասկացությունը մեկնաբանել է, որպես ճիշտ, ճկուն, փափուկ ճանապարհ։ Այդ մարզաձևի հիմքում ընկած են ազգային այլ մարտաոճեր:
Ձյուդոյի հիմնական առանձնահատկությունը վտանգավոր հարվածների բացակայությունն է, որոնք հանգեցնում են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների։ Այս հանգամանքը մարզաձևը մատչելի է դարձնում մարդկանց լայն շրջանի համար: Պայքարը հիմնված է այն սկզբունքով, որը թույլ է տալիս օգտագործել ոչ թե մրցակցի ուժը, այլ անձնական ունակությունները։
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան ստեղծվել է 1951թ․ և նախագահ է ընտրվել մարզաձևի հիմնադրի որդին՝ Ռիսեյը։ Նորամուտը օլիմպիական խաղերում տեղի է ունեցել 1964թ․՝ մարզաձևի հայրենիք Ճապոնիայի մայյրաքաղաք Տոկիոյում։
Ձյուդո մարզաձևը Հայաստան է մուտք գործել 1960 - ականներին։ Մեզանում առաջին մրցաշարը տեղի է ունեցել 1968 –ին։ Առավել սիրվել է Գյումրիում։ Տեղացի սամբոյի մարզիչ Ռոբերտ Հովհաննիսյանի աշակերտներից Պավլիկ Սարգսյանը նույն ՝ 1968թ․ ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում դարձել է Անգլիայում անցկացված Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Հաջորդ մրցաշրջանում շնորհալի մասնագետի մեկ այլ սան ՝ Արամ Գրիգորյանը բրոնզե մեդալի է արժանացել Եվրոպայի երիտասարդականում։
1972թ․ ԽՍՀՄ սպորտպետկոմի հրահանգով միութենական բոլոր հանրապետություններում ստեղծվել են մարզաձևի ֆեդերացիաներ։ Հայաստանում կազմակերպության նախագահ է ընտրվել ըմբշամարտ մարզաձևի խոշոր գիտակ, մեծանուն մասնագետ, վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կառլեն Աթոյանը։
Համամիութենական ստուգատեսներից առաջին անգամ մեդալով է տուն վերադարձել երևանցի Գագիկ Աղամալյանը։ Նա Քիշնևում 1975թ․ անցկացված ԽՍՀՄ ժողովուրդների ամառային սպարտակիադայում կանգնել է պատվանդանի << բրոնզե >> աստիճանին։
Խորհրդային Միության հայաստանցի առաջին և միակ չեմպիոնը երևանցի Հարություն Հարությունյանն է։
Մեր երկրից Եվրոպայի առաջին չեմպիոնը հրազդանցի Արմեն Նազարյանն է, իսկ աշխարհի առաջնության միակ մեդալակիրը ՝ երրորդը ճանաչված գյումրեցի Հովհաննես Դավթյանը, ով այժմ ղեկավարում է ՀՀ գլխավոր հավաքականը։
Մերօրյա ձյուդոիստներից մեզանում առավել ճանաչում ունի հին աշխարհամասի ոսկե դափնեկիր Ֆերդինանդ Կարապետյանը։
Ձյուդոյի համաշխարհային օրվա առթիվ շնորհավորում ենք մարզաձևի հայկական դպրոցի հիմնադիրներին, բոլոր սերունդների մեդալակիրներին, մարզիչ – մանկավարժներին, երախտավորներին և նվիրյալներին։
ՆԿԱՐՈՒՄ. - Գագիկ Աղամալյանը մարզաձևի այբուբեն է սովորեցնում սկսնակներին: