Նոյեմբերի 10 –ին հայտնել էինք , որ Հնդկաստանը կընդունի կանանց բռնցքամարտի 2023թ. աշխարհի առաջնությունը: Այդ մասին փաստաթուղթը հաստատել էին IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը և BFI-ի նախագահ Աջայ Սինգհին:
Նշվել էր, որ մրցաշարի ստույգ ժամկետները կորոշվեն ավելի ուշ։
Եվ ահա բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան հստակեցրել է մրցումների անցկացման ժամկետները: Կանանց աշխարհի առաջնությունը տեղի կունենա Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում 2023թ. մարտի 15-31-ը:
Մրցումները կանցկացվեն 12 քաշային կարգերում՝ 48 կգ, 50 կգ, 52 կգ, 54 կգ, 57 կգ, 60 կգ, 63 կգ, 66 կգ, 70 կգ, 75 կգ, 81 կգ և +81 կգ.
« Հնդկաստանում սիրում են բռնցքամարտը: Աշխարհի առաջնության անցկացումը տեղացիներին հիանալի հնարավորություն կընձեռի տոնելու գեղեցիկ հաղթանակներ և կոգեշնչի կանանց՝ զբաղվելու մարզաձևով:
Հնդկաստանն ու տարածաշրջանը մեծ ջանքեր են գործադրում բռնցքամարտը զարգացնելու համար և ես վստահ եմ, որ նրանք կկազմակերպեն անմոռանալի միջոցառում: »,- ասել է Կրեմլյովը։
Իր հերթին BFI-ի նախագահը նշել է, որ մեծ պատիվ է կրկին հյուրընկալել կանանց ստուգատեսը: Նյու Դելիում առաջնություն է անցկացվել 2006 և 2018թթ., իսկ 2017 - ին Գուվահաթ քաղաքը ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնությունը։
Յոթ տարվա ընթացքում երեք խոշոր առաջնությունների հյուրընկալումը ցույց է տալիս, որ Հնդկաստանում մեծ ուշադրություն են հատկացնում ենթակառուցվածքների և հնարավորությունների ստեղծման համար: