ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՆ

13:27 - 25 Հուն, 2023

Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ, գյումրեցի Գրիգոր Բարսեղյանի խոսքը այնքան էլ հուսադրող չէր: Մեզ հետ զրույցում նա ասաց, անհրաժեշտ պայմաններ չունենալու պատճառով ,  միջոցառումների ձմեռային  ծրագիրը համեստ է:  Հունվարի 28 –ին Վանաձորը կհյուրընկալի  Լոռվա բաց առաջնության մասնակիցներին:  Դա փաստորեն հանրապետական միջոցառում կլինի  և ընտրական նշանաբան կունենա: Կձևավորվի հավաքական, որը պետք է փետրվարի 11 –ին մասնակցի Ստամբուլում անցկացվելիք Բալկանյան երկրների առաջնությանը:  Դրանից 20 օր հետո, ստույգ ՝ մարտի 2 – 5 –ը, դարձյալ Ստամբուլում , մեր երկու առաջատար մարզիկներ  հանդես կգան Եվրոպայի մարզասրահների, ասել է  թէ՝ ձմեռային առաջնությունում:

Գրիգոր Բարսեղյանի համար  լավատեսության հույսերը քիչ են: Ափսոսանքով ասաց, որ Երևանը  աշխարհում միակ միլիոնանոց բնակչություն ունեցող  մայրաքաղաքն է,  որը չունի աթլետիկայի գոնե մեկ մարզահամալիր: Ավելին, Գյումրիի, Վանաձորի, Աբովյանի, Արմավիրի  ստադիոնների խոտածածկը մեծացրել են նախկինում եղած վազքուղիների հաշվին: Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը վազքուղիներ ունի, բայց  տերերի չկամության պատճառով , չեն երեսապատվում  արհեստական ծածկով,  և, բնական է աթլետների  չեն հյուրընկալում: Թերևս  գյումրեցիներին ինչ որ չափով հույս է ներշնչում  անվանի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի պատվին կառուցվող   համալիր մարզադպրոցը, որը կունենա նաև աթլետիկական  մարզադաշտ: Այն նախատեսված է շահագործման հանձնել 2024թ.: Նաև հույս կա, որ ընթացիկ մրցաշրջանում  վերջապես կավարտվի Արտաշատի ստադիոնի աթլետիկական հատվածների և վազքուղիների շինարարությունը:

Այլ նորություններ