ՀԱՎԱՔՆԵՐ, ՄՐՑՈՒՄՆԵՐ . . .

15:27 - 01 Փետ, 2023

Երևանից դուրս ձգվող մայրուղիներում տարվա բոլոր եղանակերին կարելի է հանդիպել հեծանվասպորտի խմբերի: Նրանց մարզումային երթուղին ձգվում է տասնյակ կիլոմետրեր: Քրտնաթոր պարապմունքներից հոգնում են, բայց չեն տրտնջում: Գրեթե նույն առօրյայով են իրենց օրն անցկացնում Երևանի, Վանաձորի, Մասիսի, Աբովյանի և Սևանի մարզիկները:

<< Երկաթյա  նժույգներ >> են կառավարում տարբեր տարիքի շուրջ 400 երկսեռ մարզվողները: Նրանց թիվը հավանաբար կմեծանա, որովհետև մարզաձևը գրանցում է ստանում նաև մարզակումբներում:

- Հեռանկարային պատանի և երիտասարդ մարզիկներ կան, - ասաց հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: - Մարզական ռեժիմը պահպանելու դեպքում հաջողության կարող են հասնել Վահե Վիրաբյանը, Խաչիկ Շարյանը, Ալեքս Արամայիսյանը, նոր մրցաշրջանում երիտասարդների խումբը համալրած Արթուր Վարելջյանը,Հարություն Իսրայելյանը, կամային բարձր որակներ դրսևորող աղջիկներ Սաթենիկ Ղազարյանը, Սվետլանա Մկրտչյանը,Անի Գյոզալյանը,Անի Ավագյանը, մյուսները:

Փետրվարի 13 –ին տարվա առաջին ուսումնամարզական 18  - օրյա հավաք կանցկացնենք Ծաղկաձորում: Մարտ- ապրիլ ամիսներին խճուղային և հրապարակային հեծանվավազքի ստուգողական մրցումներ կկազմակերպենք, որը նաև նախապատրաստական փուլ կհանդիսանա հաջորդ երկու ամիսներին  նույն սցենարով նախատեսված Հայաստանի առաջնության համար:

Լեհաստանի մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք այնտեղ կազմակերպել համատեղ ուսումնամարզական հավաք և ընկերական մրցումներ: Դա կբարելավի մասնակիցների մարզավիճակը հուլիսի 16 – 22 –ը Պորտուգալիայի Անադիա քաղաքում նախատեսված Եվրոպայի երիտասարդական և մինչև 23 տարեկանների առաջնությունում հաջողության հասնելու գործին: Հաջորդ իսկ ամսին   / օգոստոսի 5 – 11 –ը / մեր թիմը կմասնակցի Կոլումբիայում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Տեսադաշտից դուրս չենք թողնում պատանիներին, ովքեր պետք է հանդես գան   հուլիսին  նշանակված Եվրոպայի  օլիմպիական փառատոնում: 

 

 

 

Այլ նորություններ