Դիտարժան պայքար ծավալվեց Եվրոպայի ծանրամարտի երևանյան առաջնության տղամարդկանց 89 կգ քաշայինների պայքարում:
Տոն տվողներից մեկը մեր երկրի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանն էր: Նա վստահ ու սառնասիրտ մոտեցումներով հաղթող ճանաչվեց պոկում վարժությունում: Վերջին ՝ երրորդ մոտեցմամբ էջմիածինցի վարպետը << սանձեց >> 178 կգ ծանրությունը, սահմանեց Եվրոպայի նոր ռեկորդ, մրցաձևում գրավեց առաջին տեղը և պարգևատրվեց ոսկե մեդալով:
27 – ամյա հայորդին հրումում նույնպես գլխավորում էր մրցաշարային աղյուսակը ՝ իր կամքին ենթարկելով նախ ՝ 190 կգ, ապա ՝ 196 կգ ծանրությունները: Իսկ ահա երրորդ մոտեցմամբ նրան չենթարկվեց 211 կգ – ոց ծանրաձողը / զգացնել տվեց ծնկի հին վնասվածքը / և Անդրանիկը երկամարտի 374 կգ արդյունքով դարձավ առաջնության երկրորդ մրցանակակիր ու պարգևատրվեց արծաթե մեդալով:
Անդրանիկ Կարապետյանի մրցելույթի մասին վաստակավոր մարզիչ, գյումրեցի Արտաշես Ներսիսյանն ասաց, որ հիացած է մեր ծանրորդի օլիմպիական հանդարտությամբ, մարտունակությամբ, իսկ կամային որակները սեփական ոսկորներից էլ ամուր են . . .
Մարզասերներին գոհացրին նաև կանանց մրցաշարի մասնակիցներ, 76 կգ քաշայիններ Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը:
Առավել հաջող հանդես եկավ Տաթևը: Նա երկամարտի 226 կգ / 104 կգ + 122 կգ / ցուցանիշով գրավեց երկրորդ տեղը և արժանացավ Եվրոպայի փոխչեմպիոնուհու պատվին: Հավելենք, որ նման արդյունք է նա ցույց տվել Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում:
Զարմանալի մարտունակություն դրսևորեց Էմմա Պողոսյանը: 16 –ամյա այդ աղջիկը, կարելի է ասել, ինքն իրեն գերազանցեց: Բայց ինչպես մրցումներից հետո խոստովանել է, նա այնքան էլ գոհ չէ պատվաբեր հինգերորդ տեղը գրավելու համար: Բանն այն է, որ նա մարզումներում ավելի ծանր կիլոգրամներ է հաղթահարել:
Լավ է, որ նա դժգոհում է երկամարտում ցույց տված 217 կգ / 96 կգ + 121 կգ / արդյունքից, որը վկայում է նրա մարտունակության և հաջողության հասնելու ձգտման մասին:
Այսօր երևանյան ստուգատեսի յոթերորդ օրն է: