ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

22:37 - 22 Ապր, 2023

Զագրեբում շարունակվում է Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը / 77 կգ / հաղթական ճանապարհ անցավ: Նրա առջև հաջորդաբար ծնկի իջան խորվաթ Անտոնինո Կամենյասևը,Դանիայի ներկայացուցիչ Օլիվեր Մարկո Կրուգերը, թուրք Յունուս Էմրե Բաշարը և եզրափակիչում՝ սերբ Վիկտոր Նեմեշը:

Ոսկու համար փաստորեն պայքարի բռնվեցին աշխարհի տարբեր տարիների երկու չեմպիոններ: Բայց հոգեբանական առավելություն ուներ սերբիացին, քանզի ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ  Նենադ Լալովիչը նրա համերկրացին է:

Գոտեմարտը մոտենում էր ավարտին, իսկ մրցակիցը առջևում էր  4 : 1 հաշվով: Մնացել էր 15 վայրկյան, երբ Մալխասը չորս միավորանոց հնարք կատարեց և հաշվի մեջ առաջ անցավ: Հակառակ կողմը բողոքարկեց, որը արդյունավետ եղավ  . . . մեր մարզիկի համար և նա հաղթեց արդեն  6 : 4 հաշվով ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Մեր հավաքականում  նորամուտը բրոնզե մեդալով նշանավորեց Հրաչյա Պողոսյանը /63 կգ /:  Երրորդ տեղի համար պայքարում Հրաչյան միավորներով հաղթեց իտալացի Սանդրոնին և կանգնեց պատվանդանի << բրոնզե >> աստիճանին:

Վաղը տեղի կունենա  98 կգ քաշայինների եզրափակիչը: Պայքարի կբռնվեն Եվրոպայի հնգակի չեմպիոն, գյումրեցի Արթուր Ալեքսանյանը և բուլղարացի Կիրիլ Միլովը: 

Այլ նորություններ