Նախապատրաստական վերջին աշխատանքներն են տարվում Հայաստանի մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների հավաքականի հետ:
Կարեն Աղամալյանի գլխավորած մարզչական կազմը մեծ ուշադրությամբ հետևում է նախապես կազմած ծրագրով նաև մարզիկների անհատական որակների բարելավմանը:
Երևանում հոկտեմբերի 26 –ին սկսված ուսումնամարզական վերջին հավաքը կավարտվի նոյեմբերի ութին, որից երկու օր հետո պատվիրակությունը կուղևորվի Չեռնոգորիա՝ Եվրոպայի առաջնություն:
- Բուդվա քաղաքում անցկացվեց նաև Եվրոպայի բռնցքամարտի գավաթի առաջին խաղարկությունը: Այնպես է ստացվում , որ 20 –օրյա ընդմիջումից հետո կրկին մեկնելու ենք Չեռնոգորիայի այդ քաղաքը, - զրույցի ժամանակ ասաց Կարեն Աղամալյանը: - Այնտեղ մրցումային պայմանները բավարար են և կարծում եմ, որ մեր հերթափոխը լավ մասնակցություն կունենա ու տղաները քայլ կկատարեն դեպի ազգային հավաքական:
Փորձությանը կմասնակցեն գյումրեցիներ Ռուդոլֆ Գարբոյանը / ՀՄՄ, 51 կգ /, նրա եղբայր Ռուբեն Գարբոյանը / ՀՄՄ, 54 կգ /, Երևանի դինամոյականներ Ռուսլան Ասլիկյանը / 57 կգ / , Էրիկ Իսրայելյանը / 60 կգ /, վանաձորցի Արթուր Շահբազյանը / ԲԿՄԱ, 63, 5 կգ /, Գյումրիի քաղաքային ՄԴ –ի սան Արարատ Հարությունյանը / 67 կգ /, Նարեկ Զաքարյանը / Մարտունի, ԲԿՄԱ, 71 կգ /, երևանցի Ռաֆայել Հովհաննիսյանը / ԲԿՄԱ, 86 կգ / գյումրեցի Հենրիկ Ճիղրիկյանը / ԲԿՄԱ, 92 կգ / ,երևանցի գերծանրքաշային Հովհաննես Փափազյանը / Նորք – Մարաշ / և աղջիկներ, երևանցի Էլլիդա Քոչարյանը / Վլ. Ենգիբարյանի անվան ՄԴ / ու արմավիրցի Սոնա Հարությունյանը / 63 , 5 կգ /:
Հայաստանի բռնցքամարտիկների համար կարևոր ստուգատես կհանդիսանա հունվարի 15 –ին Երևանում մեկնարկելիք հանրապետական առաջնությունը: Դրա արդյունքներով կկազմենք ազգային գլխավոր թիմը, որը կմասնակցի փետրվարին՝ Միլանում , ապա մայիսին ՝ Թաիլանդում նշանակված Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրերի համար մղվող վարկանիշային մրցաշարերին: