Ժամանակակից հնգամարտի միությունը (UIPM) և խոչընդոտավազքի միջազգային ֆեդերացիան (World Obstacle) հայտարարել են համագործակցության մասին:
2021թ. նոյեմբերին UIPM-ը հայտնել էր, որ 2024թ. Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերից հետո ժամանակակից հնգամարտի ծրագրից հանվելու է ձիասպորտի արգելացատկը, որին կփոխարինի արգելքների հաղթահարման մրցումը:
Ինչպես հայտնի է, ժամանակակից հնգամարտը ներառում է ևս չորս մարզաձև՝ սուսերամարտ, հրաձգություն, կրոսավազք և լող։
Եվ ահա UIPM-ը և World Obstacle-ը որոշել են վերաորակավորել երկու խոշոր միջազգային արգելքների հաղթահարման մրցաշարերը՝ իրենց անվանումներում օգտագործելով միջազգային երկու ֆեդերացիաների հապավումները:
Հայտարարության մեջ ասվում է, որ այս պատմական փոփոխությունը թույլ է տալիս աշխարհի տարբեր երկրների խոչընդոտները հաղթահարողներին իրականացնել իրենց օլիմպիական երազանքը: Այն նաև կվերափոխի ժամանակակից հնգամարտը՝ ստեղծելով ներուժ՝ հրապուրելու շուրջ մեկ միլիարդ մարդկանց, ովքեր դիտում են խոչընդոտների ասպարեզին առնչվող հանրահայտ հեռուստաշոուները:
UIPM-ը ժամանակակից հնգամարտի հովանավորն է 1948 թվականից: Մարզաձևը օլիմպիական ծրագրում ընդգրկվել է 1912 թվականից։
World Obstacle-ը շահույթ չհետապնդող շվեյցարական անկախ միջազգային սպորտային կազմակերպություն է, որն ամբողջ աշխարհում անցկացնում է «American Ninja Warrior» մարզաշոուներ: Ամերիկյան այս ներկայացումը ճապոնականի ադապտացիան է:
Ձիասպորտը ժամանակակից հնգամարտի ծրագրից բացառելու հարցը ծագել է 2020թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերում տեղի ունեցած սկանդալից հետո։ Կանանց մրցումների ժամանակ գերմանացի մարզիչ Կիմ Ռայսները բռունցքով մի քանի հարված է հասցրել Saint Boy անունով ձիուն, որի հեծյալն է եղել հնգամարտիկ Աննիկա Շլոեն։ UIPM-ի գործկոմը Ռայսներին սև քարտ է տվել, ինչը նշանակում է որակազրկում:
Ավելի ուշ UIPM-ը որակազրկել և հեռացրել է Ռայսներին ՝ օլիմպիական խաղերում կենդանիների նկատմամբ դրսևորած դաժան վերաբերմունքի համար: