«ԵԹԵ ՈՒՆԵՍ ՀԻԱՆԱԼԻ ԹԻՄ, ԿԱՐՈՂ ԵՍ ՓՈԽԵԼ ԱՇԽԱՐՀԸ»:

16:07 - 20 Սեպ, 2024

Բուդապեշտի Intercontinental հյուրանոցում, շախմատի համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրի գիշերը, տեղի է ունեցել հաճելի  իրադարձություն։

Շախմատի միջազգային ֆեդերացիայի / ՖԻԴԵ / հիմնադրման 100-ամյակի առթիվ կազմակերպված տոնական արարողությունում պարգևների են արժանացել  անվանի վարպետներ, թիմեր, անհատներ, և կազմակերպություններ՝ մարզաձևում  բացառիկ ձեռքբերումների ու ներդրման համար:  

Շախմատը զարգացել և առաջընթաց է ապրել   դարի ընթացքում և մեծարվել են մարդիկ,   ովքեր ակնառու ազդեցություն են ունեցել այդ  խաղի վրա:

Երեկոյի մասնակիցներին ողջունել է  ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը: Նա նշել է, որ  ՖԻԴԵ-ի կյանքի առաջին դարը լի է եղել հրաշալի իրադարձություններով, մեծ անհատականություններով և հիշարժան հանդիպումներով: Ուստի, պետք է շնորհակալ լինել ՖԻԴԵ-ի հիմնադիրներին։

Հատուկ հանձնախումբը  որոշել է մրցանակներ հանձնել  18 անվանակարգերում: Յուրաքանչյուր հաղթող ստացել է ՖԻԴԵ –ի  գավաթ՝ փորագրված  իր անունով  և անվանակարգով:

Նախագահ Արկադի Դվորկովիչը 100 մեդալ է  շնորհել նրանց, ովքեր  նշանակալի ավանդ են ներդրել շախմատի զարգացման գործում:

«Մեկ մարտիկը լավ է, բայց եթե ունես հիանալի թիմ, կարող ես փոխել աշխարհը»: Նախկին ԽՍՀՄ հավաքականը օլիմպիադաներում նվաճած մեդալների քանակով անպարտելի առաջատար կլիներ և՛ տղամարդկանց, և՛ կանանց ստուգատեսներում: Բայց հանձնախումբը  որոշել է  ընտրել մերօրյա լավագույնին:  

Հայաստանի տղամարդկանց հավաքականը գերազանցել է բոլորին՝ համաշխարհային օլիմպիադաներում  հաղթելով երեք անգամ և արժանիորեն ստացել է առաջինի համար սահմանված մրցանակը:

Որպես հայաստանցի գրոսմայստեր  և շախմատի կրթական լավագույն կազմակերպիչ մրցանակ է ստացել նաև երևանցի Սմբատ Լպուտյանը:  Նրա գլխավորությամբ շախմատը ներմուծվել է հանրակրթական դպրոցներ: Նա երկար տարիներ ղեկավարում է  ՖԻԴԵ-ի կրթական հանձնաժողովը՝ խթանելով շախմատի տարածմանը ամբողջ աշխարհում։

Ներկայումս ավելի քան 25 միլիոն դպրոցական է խաղում շախմատ և ՖԻԴԵ-ն մտադիր է առաջիկա տարիներին կրկնապատկել այդ թիվը։

Նորվեգացի Մագնուս Կարլսենը ճանաչվել է 100-ամյակի լավագույն շախմատիստ, իսկ շախմատիստուհի՝ հունգարացի Յուդիթ Պոլգարը:

 

Այլ նորություններ