ԸՄԲՇԱՄԱՐՏԸ ՄԱՐԶԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑՈՒՄ

12:37 - 24 Մայ, 2023

Երեկ, մայիսի 23-ին,  նշվեց ըմբշամարտի համաշխարհային օրը: Տոնը նշանավորում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջին առաջնությունը,  որն անցկացվել է Վիեննայում՝ 1904թ.: Մասնակցել է 26 մարզիկ։ Տոնացույցում  ամսաթվի ամրագրման  հիմնական նպատակը ըմբշամարտի մասսայականացումն է:

Ըմբշամարտը մարտարվեստի հնագույն տեսակներից է, որն առաջացել է հին ժամանակներում և  հիշատակվում է գրական աղբյուրներում:  

Հին Հունաստանում ըմբշամարտը ընդգրկված է եղել  օլիմպիական խաղերում։ Միջնադարում մարզաձևով  հրապուրվել են տարբեր զբաղմունքի  մարդիկ: 

Ժամանակակից ըմբշամարտի սկիզբը դրվել է  Ֆրանսիայում՝  1830-ական թվականներին և կոչվել է   հունահռոմեական ոճ:

1896թ. հունահռոմեականը ներառվել է ժամանակակից  օլիմպիական առաջին խաղերի ծրագրում։ Չորսական տարվա տարբերությամբ  կայացել են Եվրոպայի, ապա ՝  աշխարհի անդրանիկ  առաջնությունները։ 

1912թ. ստեղծվել է  մրցումներ կազմակերպելու միջազգային կոմիտե։ 1921թ. այն  վերածվել  է սիրողական ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԼԱ (FILA): Կազմակերպությունը  համախմբում է ազատ և հունահռոմեական ոճերի ներկայացուցիչներ՝  հինգ մայրցամաքների 146 երկրներից:  

Ֆեդերացիան ամեն տարի անցկացնում է  շուրջ  100 մրցաշար՝  աշխարհի,  մայրցամաքային առաջնություններ / տարբեր տարիքային խմբերի համար /, միջազգային մրցաշարեր, ընկերական հանդիպումներ և այլն։ 

Ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններն անցկացվում են 1928 թվականից, իսկ աշխարհինը՝ 1951 - ից։ 

Այն բանից հետո, երբ ըմբշամարտը օլիմպիական խաղերի ծրագրից դուրս մնալու շեմին էր, 2013թ. միջազգային ֆեդերացիան կտրուկ միջոցներ  ձեռնարկեց.  փոխվեց ղեկավարությունը,  մրցակարգը, կազմակերպության անվանումը (FILA-ն վերանվանվել է United World Wrestling): 

ՄՕԿ-ը բարձր գնահատեց փոփոխությունները և մարզաձևը շարունակում է մնալ օլիմպիական խաղերի հիմնական ընտանիքում:

Նշենք, որ  Հայաստանը չեմպիոնների դարբնոց է, որի սկիզբը դրվել է  մ. թ. ա. 281թ. կայացած 265 –րդ օլիմպիական խաղերում, որտեղ  հաղթողի պատվին է արժանացել հայոց Տրդատ երրորդ Արշակունին / նա 287թ. հռչակվել է թագավոր /:  

Մեր երկրում  ըմբշամարտը  ամենապահանջված մարզաձևերից մեկն է։ Հայ մարզիկները հաղթանակներ են տանում Եվրոպայի , աշխարհի առաջնություններում, օլիմպիական խաղերում և միջազգային խոշոր այլ մրցաշարերում:

Շնորհավորում ենք մարզաձևի համապետական ֆեդերացիային, մարզիչներին, մարզիկներին, նվիրյալներին . . .

 

 

 

Այլ նորություններ