Լեհաստանի Կրակով քաղաքում երեկ երեկոյան տեղի ունեցավ Եվրոպայի ամառային երրորդ խաղերի բացման արարողությունը:
Հենրիկ Ռեյմանի անվան ստադիոնում շքերթի ելած Հայաստանի պատվիրակության դրոշակակիրներն էին աթլետներ, կապանցի Լևոն Աղասյանը և երևանցի Գայանե Չիլոյանը:
Միջոցառման մասնակիցներին ողջունել են Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը և էլի մի քանի պաշտոնյաներ: Տեսաուղերձով իր խոսքն է հղել նաև ՄՕԿ – ի նախագահ Թոմաս Բախը: Ապա հաջորդել է խաղերի ջահի բոցավառումը:
Հիշեցնենք, որ կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը երրորդ դիվիզիոնի մրցաշարում, մինչ այս, գրավել էր առաջին տեղը: Նրա համաքաղաքացի, դարձյալ եռացատկորդ, Յանա Սարգսյանը երկրորդ տեղն է գրավել դիվիզիոնի կանանց պայքարում / 13,06 մետր /: Գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը երրորդն է ճանաչվել 1500մ. մրցատարածությունում / 3 րոպե 44,11 վայրկյան /: