ՍԿՍՎՈՒՄ Է ՀՀ ԲԱՍԿԵՏԲՈԼԱՅԻՆ ՄԱՐԱԹՈՆԸ

15:47 - 30 Հոկ, 2023

Մեր մարզասերների հետաքրքրությունների  շրջանակը շուտով կրկին կընդլայնվի: Նոյեմբերի 1-ին,  մայրաքաղաքի Օլիմպավանում,  «Արաբկիր»- ԲԿՄԱ թիմերի հանդիպումով կմեկնարկի Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց  բարձրագույն խմբի առաջնությունը: Մասնակից վեց թիմերի խաղերը կլինեն փոխայցելությունների մրցակարգով:

Բասկետբոլային մարաթոնին կմասնակցեն  «Ուրարտու», «Էրեբունի», «Կիլիկիա», «Ֆոքսիս», «Արաբկիր» և ԲԿՄԱ թիմերը:  

Գլխավոր մրցավար  Դրաստամատ Մուրադյանին հարցրինք ակումբների համալրումների մասին, նկատի ունենալով այն, որ մրցավարները  աչալրջորեն հետևում են մինչև 18 տարեկան բասկետբոլիստների  մասնակցությամբ համապետական ստուգատեսի  ընթացքին:

Զրուցակիցն ասաց, որ երիտասարդների մրցաշարը կավարտվի դեկտեմբերին: Բայց կանոնակարգով  բարձրագույն խմբի մարզիչների ուշադրությանը արժանացած շնորհալի տղաները կարող են մասնակցել նաև ավագների  պայքարին: Ավելի քան մեկ տասնյակ  լավ հատկանիշներ ունեցող  մարզիկներ կան: Նշվեց Տիգրան Մկրտումյանի, Յուրա Մելիքյանի, Գևորգ Մանուկյանի, Մարատ Միքայելյանի, Դավիթ Խաչատրյանի և էլի մի քանիսի անունները:

Մուրադյանը նաև նշեց, որ ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան ճիշտ ուղու վրա է: Նախ ՝ 18 տարեկանների առաջնության կայացումը և մասնավորապես այն, որ բարձրագույն խմբի մրցաշարի մասնակից թիմերը պետք է համալրվեն միայն տեղացի մարզիկներով:

Առաջնության երկու շրջանի ավարտից հետո, առաջատար քառյակը կշարունակի պայքարը ՝  չեմպիոնին և մրցանակակիրներին որոշելու համար:

Ինչ վերաբերում է 18 տարեկանների առաջնությանը, ասենք, որ լավագույններով կկազմվի երիտասարդական հավաքական, որը եկող մրցաշրջանում մեր երկիրը  կներկայացնի Եվրոպայի իրենց հասակակիցների առաջնությունում:

 

Այլ նորություններ