ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ

11:17 - 08 Նոյ, 2023

Միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ /  << Օլիմպիական համերաշխություն >>  ծրագրով  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Հայաստանի հակադոպինգային գործակալությունը համատեղ ստեղծել են  նոր հավելված, որի շնորհանդեսը տեղի ունեցավ մայրաքաղաքի Օլիմպավանում:

Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՕԿ –ի պատվավոր փոխնախագահ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Դերենիկ Գաբրիելյանը:

Իր ելույթում հավելվածի մասին մանրամասներ ներկայացրեց երկրի  հակադոպինգային գործակալության փոխնախագահ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արեգ Հովհաննիսյանը: Բանախոսը մասնավորապես ասաց, որ մեր մարզաշխարհի մարդիկ հետայսու կարող են անմիջապես պարզել, թե բժշկի նշանակած դեղերը սպորտում գործածելու համար արգելված են, թե՝ ոչ: Նշվեց նաև, որ կազմակերպությունը պատրաստել է համապատասխան պաստառ, որը առաջիկայում  կհատկացվի բոլոր մարզօջախներին:  

Հավելվածի լեզուն անգլերենից հայերեն դարձնելու գործում  մեծ է կազմակերպության աշխատակցուհի Գոհար Սահակյանի կատարած բարեխիղճ գործը: Դեղերի ցանկը  տեղադրված է գործակալության պաշտոնական կայքում,  իսկ բջջային հեռախոսներում հասանելի կլինի  մայրենի լեզվով: 

- Դժվար է գերագնահատել նոր հավելվածի նշանակությունը: Նորությունը չէր լինի, եթե իր հարուստ փորձը, գիտելիքները չներդներ  մեր կազմակերպության հիմնադիր- ղեկավար, բնագավառի անվանի գործիչ, պարոն Արեգ Հովհաննիսյանը , - զրույցի ժամանակ ասաց գործակալության տնօրեն, շնորհալի մարզական բժիշկ Դավիթ Մոսինյանը:- Նրա հեղինակությունը գնահատելով Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը մեզ տրամադրեց  Հայաստանում գրանցված դեղերի ցանկը։

Երիտասարդ տնօրենի խոսքը մեզ հիշեցրեց ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կատարած դրական աշխատանքի դժվարությունները: Այդ կազմակերպությունը վերջերս  հրապարակել էր տեղեկատվություն այն մասին, որ Ռիադում անցկացված ծանրամարտի  աշխարհի առաջնության օրերին  ստուգված 61 երկրների 213 մարզիկների մոտ դոպինգի դրական  արդյունք չի գրանցվել, և դա այն դեպքում, երբ ծանրահարթակում պայքարել են  692 մարզիկներ:

Ի դեպ, միջազգային թեստավորման գործակալությունից ( ITA ) դրական զեկույցը ստանալով,  IWF-ի նախագահ Մոհամեդ Ջալուդը և  գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն գովասանքի նամակ են հղել  բոլոր ազգային  ֆեդերացիաներին, նրանց թվում, իհարկե, մարզաձևի հայաստանյան կազմակերպությանը:

Նամակում  երախտագիտություն է հայտնվել  նաև մրցումների մասնակից մարզիկներին, մարզիչներին, պաշտոնյաներին և բոլոր շահագրգիռ կողմերին՝  մաքուր և արդար մրցակցության   համար:

Համոզված ենք, որ մեր հակադոպինգային կազմակերպությունում կատարված տքնաջան աշխատանքը իր դրական  դերը  կունենա  հայաստանցի մարզիկների առողջությունը պահպանելու և միջազգային մրցաբեմերում հաջողության հասնելու գործում:

 

Այլ նորություններ