ԲԻՄՈՆԻ ՄԵԴԱԼԸ ՝ ԱՃՈՒՐԴՈՒՄ

15:37 - 22 Հուն, 2024

Ամերիկացի  աթլետ Բոբ Բիմոնի 1968 թվականին  հեռացատկում նվաճած օլիմպիական ոսկե մեդալը աճուրդի է հանվել։ 

Christie's աճուրդի տան կայքում նշված մեդալի գնահատված արժեքը կազմում է 400-600 հազար  ԱՄՆ դոլար:

Մեխիկոյում կայացած օլիմպիական ամառային խաղերում Բիմոնը ցույց  է  տվել 8մ. 90 սմ.  արդյունք, որն առայժմ օլիմպիական  անգերազանցելի ռեկորդ է / սակայն 23 տարի անց  ԱՄՆ մեկ այլ մարզիկ ՝ Մայքլ Փաուելը աշխարհի առաջնությունում     5 սմ-ով գերազանցել է  այդ նվաճումը/:

Արժե նշել, որ  Մեխիկոյի խաղերում,   հեռացատկորդների եզրափակիչում,  հանդես են  եկել  անվանի  ցատկորդներ , օլիմպիական չեմպիոններ Ռալֆ Բոստոնը / 1960թ. /  Լին Դևիսը / 1964թ. /, ինչպես նաև  մեծանուն հայորդի, ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի բազմակի ռեկորդակիր և չեմպիոն , օլիմպիական խաղերի կրկնակի մեդալակիր Իգոր Տեր – Հովհաննիսյանը:

Մեխիկոյում ցատկի երկարությունը չափվել է օպտիկական   հատուկ ձողով:  Սարքը նախատեսված է եղել  մինչև 8մ. 70 սմ երկարության համար: Ուստի  մրցավարները  ստիպված են եղել   փնտրել – գտնել սովորական մետաղական ժապավենամետր: 

Գրեթե կես  ժամ  է տևել  բիմոնյան  ռեկորդի  հաստատումը,  քանզի  մրցավարները չեն   հավատացել  նոր գրանցված << լուսնային ցատկի >>    թվերին: 

Մեդալի աճուրդի բացման  արարողությունը   տեղի կունենա փետրվարի 1-ին:

Այլ նորություններ