ՄՕԿ – Ի ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՉԸ

12:17 - 22 Սեպ, 2022

Երեկ  նշվեց մեր երկրի անկախության օրը: Ըստ էության խաղաղասեր  Հայաստանի օրինակը  գնահատել է միավորված ազգերի կազմակերպությունը / ՄԱԿ / , որը սկսած 2001թ- ից,   սեպտեմբերի 21  -ը հայտարարել է որպես խաղաղության միջազգային օր: Այս առթիվ ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը հոդված է հրապարակել, որը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողներին:

« Խաղաղության միջազգային օրվա այս տարվա թեման է. « Վերջ ռասիզմին,  կառուցենք աշխարհը »։ Այս կարգախոսը հատուկ հնչեղություն ունի ՄՕԿ-ի և օլիմպիական շարժման համար։ Օլիմպիզմի  հիմնական գաղափարն է խաղաղ մրցակցության միջոցով  համախմբել աշխարհը:

Օլիմպիական խաղերի մասնակիցները մի կողմ են թողնում աշխարհը բաժանող տարբերությունները: Նրանք ասպարեզներում  մրցում են, իսկ օլիմպիական ավանում ապրում են  խաղաղ՝  նույն հարկի տակ։ Ստեղծվում է համերաշխ աշխարհ, որտեղ մարդիկ հավասար են, որտեղ ռասիզմը և խտրականության բոլոր ձևերը տեղ չունեն: 

Ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր, ֆրանսիացի բարոն Պիեռ դե Կուբերտենն է  վերականգնել օլիմպիական խաղերը, դրա շնորհիվ նպաստել խաղաղության գործին: Նա ասել է ՝  «Մենք խաղաղություն չենք ունենա, քանի դեռ չեն վերացել այն նախապաշարմունքները, որոնք ռասաների են բաժանում մարդկանց»:

Խտրականության բացառման սկզբունքն ամրագրված է օլիմպիական խարտիայում։ 

Բավական չէ միայն մեկմեկու հարգելը, մենք պետք է աջակցենք միմյանց,  համերաշխ լինենք,  քանզի  չկա խաղաղություն՝  առանց համերաշխության: 

Ահա թե ինչու ՄՕԿ-ը  իր ամբողջ եկամուտի 90 տոկոսը տրամադրում է մարզիկներին և համաշխարհային  սպորտի զարգացման գործին:  

Համերաշխության  հանձնառությունից դրդված, ՄՕԿ-ը ստեղծել է փախստականների օլիմպիական թիմ, որը մասնակցել է  « Ռիո - 2016 »  և  « Տոկիո-2020 »  օլիմպիական խաղերին:  

Պատմության մեջ առաջին անգամ փախստական մարզիկները, ՄՕԿ – ի դրոշի ներքո, կողք  - կողքի մրցել են   բոլոր ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների հետ՝ հույսի ուղերձ հղելով աշխարհի իրենց բախտակիցներին:

Այս կերպ ՄՕԿ-ը կամուրջներ է կառուցում, դռներ է բացում փոխըմբռնման, խաղաղության և հաշտության համար: Բայց եղել են և կան կոնֆլիկտային իրավիճակներ,  ինչպիսիք են Աֆղանստանը, Եմենը,  Հյուսիսային և Հարավային Կորեաները, Հայաստանը, Ադրբեջանը, Սերբիան, Կոսովոն, Իսրայելը, Պաղեստինը, Իրանը ու  շատ ուրիշ երկրներ։ 

Թեև օլիմպիական խաղերը չեն կարող կանխել պատերազմներն ու հակամարտությունները,  լուծել աշխարհի  քաղաքական և սոցիալական խնդիրները, բայց  կարող են  օրինակ ծառայել աշխարհում, որտեղ բոլորը կհարգեն օրենքներն ու  միմյանց: 

Խաղաղության միջազգային այս օրը ՄՕԿ –ը կոչ է անում բոլոր երկրների  քաղաքական առաջնորդներին, բարի կամեցողության  մարդկանց, նպաստել խաղաղության գործին, համախմբել մարդկությանը  խաղաղ մրցակցության համար »։ 

Այլ նորություններ