ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱՍՆԱԳԵՏԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է

11:27 - 16 Փետ, 2024

Ասում են երիտասարդների շրջապատում մարդ ուշ է ծերանում: Դա կարևոր գործոն է, բայց հիմքում ընկած է գենետիկան: Այս առումներով  կարող է գոհանալ   Հարություն Մելքոնյանը:

Վաղ հասակում է հրապուրվել գնդակախաղով: Երեխաների հետ ֆուտբոլ էր խաղում, երբ դրանից հոգնում էին, անցնում էին բասկետբոլի, վոլեյբոլի և վերջում ՝ հանդբոլի:  Մի օր էլ   բակի աղջիկներից մեկի՝  Զինաիդա Սարգսյանի  հետ / նա հետագայում դարձավ  մեծանուն  հանդբոլիստուհի / գնաց  << Լոկոմոտիվ >>  մարզընկերության մարզադահլիճ: Եվ դա ճակատագրական եղավ տղայի  կյանքում: Պարապմունքից բացակայող մեկի փոխարեն մարզիչ Տիգրան Թերզյանը  Հարութին  ընդգրկեց թիմ: Նորեկը ակամա   հայտնվեց << նավից ՝  պարահանդես >>: Ընկրկեց, չէր կողմնորոշվում,  չգիտեր անելիքը: Մի պահ շվարած կանգնեց: Ապա հետևեց գնդակի տեղաշարժերին, կարծես կռահեց խաղացողների գործողությունների բնույթը, որոշ  չափով խաղի իմաստը, հիշեց բակային մրցումները ու աստիճանաբար դարձավ << գործող անձ >> :  Ամենատես  ու  բանիմաց  մարզչին  դուր եկավ  նրա օժտվածությունը և մտավոր ունակությունները: Այն  օրվանից  դարձավ  ձեռնագնդորդ և  այնպիսի, որ 1964թ.  վաստակավոր մարզիչ  Ռոմիկ Տիգրանյանը նրան ընգրկեց ՀՀ պատանեկան հավաքականում:

Հասակ էր առնում, աստիճանաբար բարելավվում էին նրա մարզական հատկանիշները:

Մարզաձևը հաստատուն տեղ գտավ նրա կյանքում և շնորհալի մարզիկը  ընդունվեց  ֆիզկուլտուրային մայր բուհ, ստացավ մարզիչ – մանկավարժի  որակավորում  ու որպես բանիմաց շրջանավարտ՝  դարձավ բուհի աշխատակից. մարզախաղերի ամբիոնի դասախոս, ասիստենտ, դոցենտ,  պրոֆեսոր, իսկ 1997 թ. ՝  ամբիոնի վարիչ: Նա միշտ եղել է հանդբոլի խաղահրապարակում , որպես մարզիկ, մարզիչ, մրցավար ,ապա՝ վաստակավոր մարզիչ, մարզաձևի ազգային ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ –ի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ . . .

Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են մարզաձևի տեսության և մեթոդիկայի հիմնահարցերին: Հեղինակել է <<  Հանդբոլը դպրոցում >>, <<  Հանդբոլի պատմություն >>, << Հանդբոլ  >>,  << Մարզախաղեր >>  և էլի  մի քանի մասնագիտական գրքեր:

Մարզաշխարհի վաստակաշատ մասնագետ Հարություն Մելքոնյանը այսօր դարձավ 75 տարեկան: Նրան հարգում են բնագավառում, իհարկե նաև  իր հարազատ ինստիտուտում : Մարզախաղերի ամբիոնի դասախոսները հաճույքով են խոսում իրենց սիրելի գործընկերոջ մասին,  մեծ հարգանքով ու ակնածանքով են արտահայտվում  նրա բարության, մարդկային  հատկանիշների ու մասնագիտական հմտությունների մասին:

Հարություն Մելքոնյանի մասին  բազմաթիվ  դիպվածներ ու հուշեր ունեն նախկին թիմակիցները: Ներկայացնենք  1 – 2 –ի կարծիքը.

Մարկ Մելիքյան / ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայսպորպետկոմի մարզաձևի նախկին պետական մարզիչ , ՀՀ  20 –րդ դարի լավագույն դարպասապահ /: - Միմյանց  ճանաչել ենք դեռևս ՀՀ պատանեկան հավաքականից: Գծային խաղացող էր, մրցակիցների համար աննկատ հայտնվում էր խաղադաշտի աջ և ձախ եզրերում, ուներ փոխանցումների բարձր  կուլտուրա, իսկ նրա դիպուկ կրակոցները հիմնականում ավարտվում էին դարպասի գրավումուվ:  Հակիրճ խոսքս, կարծում եմ,  բնութագրեց մարզիկ Հարությունի վարպետության բարձր աստիճանը:

Յուրի Կարապետյան / ԽՍՀՄ ժողովուրդների չորս ամառային սպարտակիադաների մասնակից, ՀՀ 20 –րդ դարի լավագույն հանդբոլիստ / - Հարութից տարիքով մեծ եմ ու պիտի ասեմ, որ մեր թիմում վատ մարդիկ  տեղ չեն ունեցել.  հեռացրել ենք : Իսկ ահա Հարություն Մելքոնյան նորեկը  սիրվեց  ու գնահատվեց, դարձավ  հավաքականի գլխավոր մարզիչ  Սպարտակ Ծառուկյանի ղեկավարած մեր կոլեկտիվի  արժանի անդամ:

Լսեցի Մարկի գնահատականը ու թերևս ավելացնեմ, որ Հարությունը կարողանում էր մասնակցել  մեր ալիքաձև գրոհներին: Ասել կուզեմ, որ ուս –ուսի տված  յուրատեսակ պատ ենք կազմել ու միասնաբար ուղիներ ենք որոնել,  գրոհի  նետվել  մրցակցի դարպասը գրավելու համար: Այլկերպ մեր մարզաձևում հաջողության հասնել հնարավոր չէ:

Հարությունի տիկինը ՝ Լիլիան, մեր երկրի    լավագույն հանդբոլիստուհիներից մեկն է եղել:  Երկար տարիներ հիմնական գրանցում է ունեցել  կանանց  գլխավոր  հավաքականում : Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո Լիլիան նույնպես անցել է դասախոսական աշխատանքի:

Մարզաձևի շնորհիվ  է  այդ ընտանիքը ամուր, որտեղ ծնվել  ու մեծացել են երկու չքնաղ դուստրեր: Նրանք  նույնպես զբաղվել են հանդբոլով:  Ավագ դուստրը ՝ Արմինեն  բժշկուհի է,  իսկ կրտսերը՝ ՀԱՕԿ –ի աշխատակցուհի Աննան,   նաև մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի  մրցավարական հանձնախմբի անդամ է:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն  հոբելյանի առթիվ շնորհավորում է Հարություն Մելքոնյանին, ցանկանում է քաջառողջություն, երկարակեցություն, հաջողություններ անձնական կյանքում և աշխատանքում:

 

Այլ նորություններ