ՄԱՐԶԱՍԵՐՆԵՐԻՆ ՎԱՐՁԱՀԱՏՈՒՅՑ ԵՂԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

11:47 - 26 Փետ, 2024

Մեզանում սիրված մարզաձև է բասկետբոլը: Այդ մասին մեկ անգամ ևս վկայեց աշխարհի 2027թ. առաջնության ընտրական նախնական փուլի`  Հայաստանի և Ալբանիայի տղամարդկանց հավաքականների հանդիպումը:

Մեկնարկից դեռ շատ առաջ մայրաքաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տրիբունաները արդեն ծանրաբեռնել էին երկրպագուները:  Միանգամից ասենք, որ նրանց սպասելիքները արդարացրին մեր մարզիկները:

Խաղի ընթացքը վկայեց, որ մրցակիցների ուժերը հավասարազոր են և հաշվի փոքր տարբերությամբ էին նրանք  միմյանցից առաջ անցնում: Մինչև մրցամարտի վերջին րոպեն խաղադաշտում լարված պայքար էր ընթանում և դժվար էր կռահել, թե ով կհաղթի:

Խաղավարտին մնացել էին վայրկյաններ, իսկ տանտերերը հաշվի մեջ առաջ էին ընդամենը երկու միավորով՝ 81 : 79: Հետևեց հյուրերի գրոհը և  նրանց խաղացողը հաղթական վերջաբանի հասնելու նպատակով երեք միավորանոց նետում կատարեց, որը ցանկալի արդյունք չբերեց: Ավելին, օղակից ետ եկած գնդակին տիրեցին տանտերերը և դիպուկ նետումով ավելացրին հաղթական հաշիվը: Նախ ՝ երկու միավոր ու ևս նույնքան՝ տուգանային արդյունավետ նետումների շնորհիվ:

Հայաստանի հավաքականը հաղթեց 84:79 հաշվով:

Հանդիպման լավագույն խաղացողն անտարակույս Անդրե Սփայթ Մկրտչյանն էր: Նա վաստակեց  31 միավոր,  վեց անգամ տիրեց  օղակից անդրադարձած  գնդակին և կատարեց  չորս արդյունավետ փոխանցում: Այդ բասկետբոլիստը նաև աչքի ընկավ ընդհանուր ֆիզիկական լավ պատրաստականությամբ, կամային բարձր որակներով և մինչև հանդիպման վերջին ակնթարթը աննահանջ պայքարեց ասպարեզում:

Մարզահամերգային համալիրին բարձր տրամադրությամբ հրաժեշտ տվեցին խաղի ականատեսները, նրանց թվում՝ բասկետբոլի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, մեր հավաքականի մոտ անցյալի  հուսալի կենտրոնական  Հրաչյա Ռոստոմյանը:

Ուշագրավ է ֆեյսբուքյան նրա գրառումը. << Հայաստանը նայում էր բասկետբոլ, Հայաստանը վայելում էր բասկետբոլ, և մեր հավաքականը գեղեցիկ հաղթանակ տարավ։ Շնորհակալ եմ մեր թիմին, մարզիչներին և, իհարկե, շնորհակալություն մեր մարզասերներին, ովքեր խաղի ամբողջ ընթացքում քաջալերում էին մեր թիմին։

Հայաստանի հաղթանակները դեռ առջևում են >> ։

Հրաչյա Ռոստոմյանը անշուշտ  մասնագիտական – կազմակերպական  որոշ նկատառումներ ունի: Նախ, որ մրցաշարի հաջորդ փուլերում թիմի հետ կլինեն գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը և հարգելի պատճառներով բացակայած որոշ առանցքային խաղացողները: Ուրեմն պետք է հուսալ, որ հետագայում մեր թիմի պահեստայինների նստարանը ավելի երկար   կլինի:

Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը. << Տարբեր մարզաձևերում հայ մարզիկները շարունակում են հաղթանակ նվաճել ու հաղթանակի բերկրանք պարգևել աշխարհի բոլոր հայերին։ Քիչ առաջ Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի առաջատար, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճեց հաղթողի կոչումը: Իսկ րոպեներ առաջ ամբողջ մարզասեր հասարակությունը ցնծում էր մեր բասկետբոլիստների հաղթանակով։ Սրտանց շնորհավորում եմ մեր մարզիկներին, մարզիչներին ու բոլոր մարզասերներին այս հաղթանակների առիթով, և մաղթում, որ հայոց եռագույնը մշտապես ծածանվի աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակների առաջին հորիզոնականներում >> ։

Հաջորդ հանդիպումը ՀՀ  հավաքականը կանցկացնի նոյեմբերի 24-ին: Երևանում մեր թիմը  կհյուրընկալի  Ավստրիայի ընտրանուն։

 

 

 

 

 

Այլ նորություններ