ԴԵՐԵՆԻԿ ԱԲՐԱՀԱՄԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ. Նա այսօր դարձավ 80 տարեկան: Որպես մարզիկ, օլիմպիական խաղերի մասնակից չի եղել: Բայց նախախնամության կամքով, ՀԱՕԿ –ի ստեղծման օրվանից, դարձել է մեր երկրի օլիմպիական շարժման առաջամարտիկներից մեկը: Տասնամյակներ անընդմեջ եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի անդամ, նախագահի տեղակալ, օլիմպիական քոլեջի երկարամյա ղեկավար, պատրաստել է օլիմպիական խաղերի չեմպիոններ ու մրցանակակիրներ, մրցավարել է օլիմպիական խաղերում, համալրել է լավագույն միցավարների եռյակը, քանիցս եղել է ՀԱՕԿ –ի գլխավոր հանձնակատար – Շեֆ միսիան օլիմպիական խաղերում և միջազագային կարգի միակ մրցավարն է աշխարհում, որ արժանացել է միջազգային օլիմպիական կոմիտեի շքանշանի: Նա նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ոսկե շքանշանակիր է . . .
Դերենիկ Գաբրիելյանը հայրենական սպորտի զարգացման գործում հսկայական դեր ունի, քանզի ամենուրեք, որպես արժանապատիվ հայորդի, հստակորեն կատարել է իր առջև դրված խնդիրներն ու պարտականությունները: Պատահական չեն նրան շնորհված տասնյակ շքանշանները, մեդալները և պատվոգրերը:
Բոլորել է ութերորդ տասնամյակը, բայց կեցվածքով ու եռանդով կարծես ընդամենը երկու անգամ 40 տարեկան է: Ուստի համոզված ենք, որ հայրենական սպորտի առաջընթացին Դերենիկ Գաբրիելյանը կնպաստի ևս երկու անգամ 40 տարի :
Դերենիկ Գաբրիելյանի << թողարկած >> մարզական արտադրանքի բազմաթիվ հեղինակություններ այսօր Հայաստանում չեն: Բայց նրանք չեն մոռացել իրենց սիրելի ուսուցչին և շնորհավորել են հեռագրերով, հեռակապով , էլեկտրոնային փոստով և այլ միջոցներով: Նշենք մի քանի հայտնի անուններ . Ամերիկայից՝ բռնցքամարտիկ Նշան Մունչյան , ջրացատկորդ Սիրվարդ Էմիրզյան , մարմնամարզիկ Արթուր Հակոբյան , ակրոբատներ Մարիետա Խանյան, Արմեն Ռուբինյան , Մարգարիտա Գևորգյան, Բուլղարիայից՝ Արմեն Նազարյան, Գերմանիայից՝ Արմեն Մկրտչյան, Արայիկ Գևորգյան, շատերը:
Բազմաթիվ շնորհավորական և պաշտոնական ուղերձներ են ստացվել տարբեր երկրների բռնցքամարտի ֆեդերացիաներից՝ Իսրայելից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Մոլդովայից, Հունաստանից . . .
Իհարկե մեծ է Գաբրիելյանի վաստակն ու արժանիքը, որը ձեռք է բերել տքնաջան աշխատանքով : Դժվարին մանկություն է ունեցել և ընտանիքին օգնելու նպատակով վաղ հասակում է սկսել աշխատանքային գործունեությունը: Ահա թե ինչու նրա երջանկությունը իր ընտանիքն է, որից է ստանում վաղամեռիկ տիկնոջ ու մոր կարոտը: Իսկ զավակների և թոռների համար մեր հոբելյարը անփոխարինելի ծնող է, պապիկ:
Մարզաշխարհի անդավաճան դեսպանը անգործության չի մատնվել. ՀԱՕԿ –ի պատվավոր փոխնախագահն է այսօր: Բռնցքամարտից ԽՍՀՄ սպորտի վարպետի հարուստ կենսափորձը, գիտելիքները և մրցավարական հմտությունները բարձր է գնահատում մարզաձևի միջազգային ֆեդերացիան, որի չեմպիոնների և վետերանների կոմիտեի անդամն է, բռնցքամարտի Եվրոպական կոնֆեդերացիայի տեխնիկական պատվիրակը ու նա հաճախ է հրավիրվում միջազգային պաշտոնական մրցաշարերի, ղեկավարում մրցավարական հանձնախմբերը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Ձեզ՝ մարզաշխարհի հարգարժան երախատավոր, հոբելյանի առթիվ, մաղթում է քաջառողջություն, հաջողություն կյանքում և աշխատանքում:
Երջանիկ և երկար տարիների կյանք Ձեզ , սիրելի Դերենիկ Գաբրիելյան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ