Ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը հաղթեց թուրք մարզիկին և նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ

19:50 - 21 Ապր, 2016

Ռուսաստանի Կազան քաղաքում մեկնարկել է ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը:

Մրցումային առաջին օրը մրցահարթակ էին դուրս եկել Հովհաննես Դավթյանը, Գարիկ Հարությունյանը (60 կգ), Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ) և Ժաննա Ստանկևիչը (52 կգ):

60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց ավստրիացի մարզիկին, այնուհետև առավելության հասավ չեխ Պավել Պետրիկովի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում պարտվեց իտալացի Էլիոս Մանզիին: Սփոփիչ գոտեամարտում հայ ձյուդոյիստը հաղթեց հոլանդացի Ժերոեն Մուրենին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում պարտության մատնեց թուրք Բեքիր Օսլուին:

Նույն քաշային կարգում հանդես եկող Գարիկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր թուրք Բեքիր Օսլուին:

66 կգ քաշային Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում պարտության մատնեց ադրբեջանցի Թարլան Քարիմովին, սակայն հաջորդ գոտեմարտում զիջեց բելառուս Դմիտրի Շերշանին և լքեց պայքարը:

52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը պարտվեց առաջին գոտեմարտում:

Ապրիլի 22-ին մրցագորգ դուրս կգան Արսեն Ղազարյանը (73 կգ) և Անդրանիկ Չափարյանը, Ռաֆայել Դավթյանը (81 կգ):

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ