ԱԹԼԵՏՆԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

16:47 - 24 Հուն, 2024

Փարիզում  ուսումնամարզական երկրորդ հավաքն անցկացնելուց հետո,  Հայաստանի աթլետիկայի հավաքականը մեկնեց Ջիբրալթար ու մասնակցեց Եվրոպայի  փոքր երկրների առաջնությանը: Միանգամից ասենք, որ մեր պատվիրակության հաշվին աննախադեպ հաջողություն գրանցվեց ՝ մեկ ոսկե, երեք արծաթե և չորս բրոնզե մեդալ:

Թիմի գլխավոր մարզիչ, գիտությունների թեկնածու Գրիգոր Բարսեղյանը  մեզ հետ զրույցում շեշտեց հատկապես արտաշատցի հեռացատկորդ, արծաթե մրցանակակիր  Գոռ Հովակիմյանի արդյունքը՝  7մ 59 սմ : Նման պատվի արժանացավ  նաև վանաձորցի վազորդ Էլլադա Ալավերդյանը: Նա 800 մետրը անցավ 2. 07, 38 ժամանակում:

Բրոնզե մեդալակիր դարձան  կապանցի հեռացատկորդ Լիանա Սարգսյանը / 6մ 16 սմ /, որի ցուցանիշը բավականին բարձր է, ինչպես նաև  վազորդներ, արտաշատցի Միլենա Գրիգորյանը և երևանցի Գայանե Չիլոյանը: Միլենան 400 մետրը հաղթահարեց 56, 18, իսկ Գայանեն 200 մետրը ՝ 24, 64 վայրկյանում:

Շվեդական փոխանցավազքում  Մարիաննա Բաղյան -  Լիլիթ Հարությունյան -  Գայանե Չիլոյան-  Միլենա Գրիգորյան քառյակը 100մ. + 300մ. + 200մ. + 400մ հաջորդականությամբ տարածությունը անցավ 2. 13, 80 ժամանակում և չորրորդ բրոնզե մեդալը պարգևեց մեր պատվիրակության հաշվեկշռին:

Գլխավոր մարզիչը միայն վերջում խոսեց իր անձնական սանի ՝  վազորդ Երվանդ Մկրտչյանի մասին: Մեր առաջատար աթլետը  ուժերը սկզբում փորձեց իր համար անսովոր՝ 1500մ. տարածությունում, ցույց տվեց 4. 04, 95 ժամանակ և տեղ գտավ  պատվո պատվադանի երկրորդ աստիճանին: Բայց այդքանով չբավարարվեց  պատվասեր գյումրեցին և մասնակցեց իր համար դարձյալ անսովոր՝ 5000մ. վազքատարածությունում: Այստեղ նրա << վառոդամանը >>  չդավաճանեց տիրոջ անսպառ ցանկությանը, որը բոլորից արագ հաղթահարեց տարածությունը / 14. 30, 42 /, առաջինը հատեց եզրագիծը, նվաճեց  չեմպիոնի կոչումը և ոսկե մեդալը:

Առաջնությանը մասնակցեցին 17 երկրների հավաքականներ: 

Այլ նորություններ