Մեզանում աթլետիկայի տարածման գործում անուրանալի է Լիպարիտ և Մանվել Մալոյան եղբայրների ներդրումը: Նրանց հիշատակը հավերժացնելու նպատակ է հետապնդում Սյունիքի մարզի աթլետիկայի ֆեդերացիայի / նախագահ՝ Արշամ Սարգսյան / և Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա հուշամրցաշարը:
Թվով 10 –րդ միջոցառմանը մասնակցեցին մայրաքաղաքի, Գյումրիի, Վանաձորի, Արտաշատի, Կապանի 28 մարզիկ – մարզուհիներ: Նրանք բոլորը ցատկորդներ են ու մրցեցին հեռացատկ և եռացատկ մրցաձևերում:
Առավել հաջող հանդես եկան կապանցիները: Կանանց հեռացատկում հաղթեց Յանա Սարգսյանը / 6 . 0 մ. /, եռացատկում՝ Մարիետա Մինասյանը / 12, 15սմ /
Նշած մրցաձևերում տղամարդկանցից լավագունն էին Գոռ Բեգլարյանը / նա 7մ. 65 սմ արդյունքով հուշամրցաշարի նոր ռեկորդ սահմանեց / և Լևոն Աղասյանը ՝ 16. 08 սմ:
Հուշամրցաշարում առաջին անգամ օգտագործվեցին ժամանակակից սարքավորումներ. Լազերային չափագրում, էլեկտրալուսատախտակ և այլն: Միջոցառումը կազմակերպական առումով բառացիորեն հիացրեց աթլետիկայի Եվրոպայի ֆեդերացիայի տեխնիկական պատվիրակ, լեհ Պռշամեգ Պրզբովսկուն: Ընդհանրապես գոհ մնացին բոլոր մասնակիցները, նրանց թվում՝ ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահ Արթուր Թովմասյանը, գլխավոր քարտուղար,ԿԳՄՍ վարչության պետ Նարինե Շահբազյանը, գործադիր տնօրեն, մոտ անցյալի նշանավոր արագավազորդ և ռեկորդակիր Վահագն Ջավախյանը, մյուսները: