ԲԱՐՍԵԼՈՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է . . .

11:37 - 17 Հոկ, 2024

Իսպանիայի Բարսելոն քաղաքը մտադիր է 2036թ.  օլիմպիական խաղերն  իր մոտ անցկացնելու հայտ ներկայացնել և կրկնել 1992թ. այնտեղ տեղի ունեցած ամառային  մարզահանդեսի հաջողությունը:  

1992թ. օլիմպիական խաղերի շնորհիվ  ոչ միայն բարձրացել է երկրի  միջազգային հեղինակությունը, այլև վերափոխվել է քաղաքի  թե՛ սպորտի, թե՛ քաղաքաշինության ոլորտը:

Իհարկե, 2036թ.  օլիմպիական միջոցառումը  հյուրընկալելու առնչությամբ, Բարսելոնը  կհանդիպի մի շարք  քաղաքների մրցակցությանը:

1992թ.  շուրջ 15 միլիարդ եվրոյի ներդրումով Բարսելոնն  արդեն ցուցադրել է օլիմպիական խաղերը հյուրընկալելու իր կարողությունը: Քաղաքի վրա տնտեսական և սոցիալական ազդեցությունը զգալի է եղել  և այն կարող է կրկնվել, կամ  նույնիսկ մեծանալ:  

Թերթելով պատմության էջերը, հիշենք նաև 1992թ. հուլիսի 25-ը, երբ Իսպանիայի թագավոր Խուան Կարլոս առաջինը   Բարսելոն քաղաքում   ամառային 25 –րդ օլիմպիական խաղերի բացումը հայտարարեց:

ԱՊՀ միացյալ թիմի կազմում ընդգրկված էր  նաև Հայաստանի պատվիրակությունը, որի դրոշակակիրն էր Հրաչյա Պետիկյանը: 

Բարսելոնյան ստուգատեսը  առատաձեռն գտնվեց մեր մարզիկների նկատմամբ: Ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Մնացական Իսկանդարյանը և հրաձիգ Հրաչյա Պետիկյանը գերազանց մրցելույթներով հռչակվեցին օլիմպիական խաղերի չեմպիոն և նրանց պատվին, ՀՀ օրհներգի հնչյունների ուղեկցությամբ վեր խոյացավ հայոց եռագույնը:

Ոսկե մեդալակիր դառնալու համար ընդամենը երկու վայրկյան չբավարարեց  հունահռոմեական ըմբշամարտի մեր մյուս ներկայացուցչին ` Ալֆրեդ Տեր Մկրտչյանին, որը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:

Նշենք նաև կանանց << Հատիս >>  թիմի  բասկետբոլիստուհի Էլեն Բունիաթյանցին, որը Ռուսաստանի հավաքականի կազմում նույնպես նվաճեց խաղերի չեմպիոնի կոչումը :

Մրցանակային հնգյակ մտավ մոսկովյան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մականորդ Սոս Հայրապետյանը:

Հայազգի մարզիկներից չեմպիոնական պատվանդանին կանգնեցին նաև սուսերամարտիկ  Գեորգի Պողոսյանը /Ուկրաինա/և  ռուսաստանցի  հանդբոլիստ  Պավել Սուքիասյանցը:

Բռնցքամարտիկ Արթուր Գրիգորյանը / Ուզբեկստան / և սպորտային մարմնամարզուհի Ջինա Գոգյանը  / Ռումինիա / անմասն մնացին խաղարկված մեդալներից:

Իսպանիայում կայացած համաշխարհային գլխավոր մարզահանդեսին մասնակցած 169 երկրների 9 հազար 356  մարզիկ – մարզուհիներ  32 մարզաձևում  վիճարկեցին մեդալների 257 հավաքածու:

Առաջինը ճանաչվեց ԱՊՀ  միացյալ թիմը ` 112 մեդալ / 45 + 38 + 29 /:  Մրցանակային հաջորդ երկու տեղերը զբաղեցրին  ԱՄՆ –ի ` 108 /  37 +  34 + 37 /  և Գերմանիայի ` 82 / 33 + 21 + 28 /  ներկայացուցիչները :

 

 

 

Այլ նորություններ