Ավստրիայի Միտերսիլ քաղաքում հունվարի 6 -15 –ը ուսումնամարզական հավաք է կազմակերպել ձյուդոյի միջազգային ֆեդերացիան: Մարզումներում ընդգրկված են 44 երկրների 850 մարզիկներ: Նրանցից երկուսը ներկայացնում են Հայաստանը. Աշիկ Անդրեյանը / 60 կգ / և Հայաստանի քաղաքացիություն ընդունած մոսկվացի Գրիգորի Պասևեիչը / 81 կգ /:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը հեռախոսակապով հայտնեց, որ միջոցառման ավարտից հետո, մարզումները փետրվարի 11 – 22 –ը կշարունակվեն մայրաքաղաքի Օլիմպավանում: Նախատեսված է 14 հոգու մասնակցություն: Նպատակ կա հաջողությամբ սկսել մրցաշրջանը, որի մեկնարկը մեր ձյուդոիստների համար կտրվի Վարշավայում` փետրվարի 22 -ին սկսվելիք Եվրոպայի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցաշարով: