ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ ՎՈԼԵՅԲՈԼԻՍՏՆԵՐԸ

12:27 - 30 Հուն, 2025

Հիմնականում Երևանի, Վանաձորի և Սիսիանի մարզիկներով է համալրված Հայաստանի մինչև 16 տարեկան վոլեյբոլիստների հավաքականը: Մարզչական խորհուրդը ջանք չի խնայում տղաների տեխնիկատակտիկական որակները բարելավելու և  մրցափորձը հարստացնելու համար: Ցանկություն կա խաղակցվածություն ապահովել հավաքականի խաղային  օղակների միջև, հուսալի  մակարդակի հասցնել միմյանց փոխապահովման գործը: Պետք է լավ խաղ ցուցադրել Երևանում օգոստոսին անցկացվելիք Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունում ու արդարացնել սպասելիքները:

Նոր մրցաշրջանում ընդհանրապես խիտ է վոլեյբոլիստների մարզումային ու մրցումային ծրագիրը: Մեր թիմերը, դասական վոլեյբոլից բացի, պետք է մասնակցեն նաև լողափնյա և ձյան վրա վոլեյբոլի համապետական ու միջազգային մրցումներին: Ասածը վերաբերում է տարիքային տարբեր խմբերի հավաքականներին: Այս ամենի մասին տեղեկացրեց ֆիզկուլտուրային մայր բուհի խաղերի ամբիոնի դասախոս Հովհաննես Ասմարյանը: Իմացանք նաև, որ Էջմիածնում երեկ մեկնարկել է կրտսեր տարիքի տղաների և աղջիկների Հայաստանի առաջնությունը, իսկ փետրվարի 14 – 16 –ը Ապարանի Մայլեռում կանցկացվի վոլեյբոլ ՝ ձյան վրա մրցաձևի համապետական ստուգատեսը:

Վերջին տարիներին երկրում աճել է մարզաձևի մասսայականությունը: Վոլեյբոլ են խաղում գրեթե բոլոր մարզերում, իսկ պարապողների թիվը անցնում է երկու հազարից:

 

Այլ նորություններ