ՊԱՏԱՍԽԱՆ ԽԱՂԸ ՝ ՏԻՐԱՆԱՅՈՒՄ

11:37 - 18 Փետ, 2025

Երկու օր հետո, փետրվարի 20 –ին, Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի  ազգային հավաքականը   Ալբանիայում  կմասնակցի չափազանց պատասխանատու մրցամարտի: 2027թ. աշխարհի առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում մերոնք Տիրանայում պատասխան  հանդիպումով կմրցեն տանտերերի ընտրանու հետ։ Ասենք, որ Երևանում  նշած մրցակիցների առաջին մրցավեճը անցավ արտակարգ լարված պայքարում:

Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ – ի տրիբունաներում տեղ զբաղեցրած մարզասերները կհիշեն, որ խաղավարտին մնացել էին վայրկյաններ, իսկ տանտերերը հաշվի մեջ առաջ էին ընդամենը երկու միավորով՝ 81 : 79: Հետևեց հյուրերի գրոհը և  նրանց խաղացողը հաղթական վերջաբանի հասնելու նպատակով երեք միավորանոց նետում կատարեց, որը ցանկալի արդյունք չբերեց: Ավելին, օղակից ետ եկած գնդակին տիրեցին տանտերերը և դիպուկ նետումով ավելացրին հաղթական հաշիվը: Նախ ՝ երկու միավոր ու ևս նույնքան՝ տուգանային արդյունավետ նետումների շնորհիվ: Արդյունքում Հայաստանի հավաքականը հաղթեց 84:79 հաշվով:

Մեր հավաքականի գլխավոր մարզիչն է  սերբ Բոգդան Կարաչիչը: Մարզչական շտաբում ընդգրկված են նաև հույն մասնագետ Կոստաս Պապավասիլեոուսը և ՀՀ պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Միքայել Պողոսյանը։ Հուսանք, որ մերոնք կզարգացնեն հաջողությունը և ասպարեզից դուրս կգան հաղթանակած:

Հայաստանի  բասկետբոլիստներն արդեն մրցավայրում են: Թիմը  հանդես կգա հետևյալ կազմով․

Ալբերտ Թադևոսյան

Անդրե Սպայթ Մկրտչյան

Քրիս Ջոնս

Զաք Թավիտյան

Արայիկ Գևորգյան

Գաբրիել Աճեմյան

Յուրա Մելիքյան

Դավիթ Խաչատրյան

Կարեն Մելիքյան

Դանիել Կիրակոսյան

Հայկազ Գրիգորյան

Միհրան Ներսես

 

Այլ նորություններ