ՍԼԱՎԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ ՎՐԵԺԽՆԴԻՐ ԵՂԱՎ

11:17 - 26 Փետ, 2025

Մարզաշխարհում մեծ արձագանք ունեցավ Ալմաթիում երեկ  անցկացված ըմբշամարտի պրոֆեսիոնալ լիգայի միջազգային ութերորդ  / PWL-8  / մրցաշարը:

Կազմակերպիչները հրավիրել էին հեղինակություններին: Մրցագորգի վրա տեղի ունեցավ  ազատ ոճի վեց, հունահռոմեական ՝ հինգ և կանանց՝ մեկ  գոտեմարտ:  Պայքարողներից չորսը օլիմպիական խաղերի ոսկե  մեդալակիրներ էին: Նրանցից մեկն էր համաշխարհային գլխավոր մարզահանդեսի ոսկե / Տոկիո – 2020 / և  բրոնզե / Փարիզ – 2024 / դափնեկիր,  կուբացի Լուիս Օրտա Սանչեսը: Այս անունը հավանաբար կհիշի մեր մարզասերը, որովհետև նա Փարիզում չոր՝ 7 : 0 հաշվով հաղթել էր մեր երկրի պատվիրակ Սլավիկ Գալստյանին:

67 կգ քաշային նշած  ըմբիշների մենամարտը անցավ արտաքուստ լարված, կասեինք՝ շիկացած պայքարում: Որոշիչ դարձան կամային որակները, որով առավել օժտված էր հայորդին: Կեցցե Սլավիկը: Նա վրեժնդիր եղավ ու այս անգամ մրցակցին  հաղթեց 5 : 4 հաշվով:

Շարունակելով ըմբշամարտին վերաբերող թեման, ասենք, որ Երևանի Օլիմպավանում այսօր ուսումնամարզական հավաք սկսեցին հունահռոմեական ոճի ըմբիշները: 12 – օրյա մարզումներից հետո մեր 10 պատվիրակներ կմասնակցեն Ալբանիայի Տիրանայում մարտի 12 – 14 –ը անցկացվելիք Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը, իսկ դրանից շուրջ մեկ ամիս հետո երկրի գլխավոր թիմը Սլովակիայում հանդես կգա հին աշխարհամասի հերթական առաջնությունում:

 

Այլ նորություններ