Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվեց մինչև 23 տարեկան ազատ ոճի ըմբիշների Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին եռագույն՝ մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ:
Մարզաձևի ավանդույթներով հարուստ Արտաշատի` Ռազմիկ Գոլեցյանի անվան մասնագիտացված մարզադպրոցը շարունակում է շնորհալի տղաներով համալրել երկրի տարիքային տարբեր խմբերի հավաքականները:
Նշանավոր մասնագետ հայրիկի գործը պատվով շարունակում է որդին ՝ Ռաֆիկ Գոլեցյանը: Նրա սան Լևիկ Միքայելյանը / 61 կգ / Տիրանայում շարունակելով հաղթարշավը, եզրափակիչում հանդիպեց ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիևի հետ։ Ինչպես ակնկալվում էր, մրցագորգի վրա ծավալվեց արտասովոր լարված պայքար: Մրցակիցները հմտորեն պաշտպանվում էին, թեև շարունակաբար փորձում էին գրոհել, միմյանց նկատմամբ տեխնիկական հնարքներ կատարել: Այդ պարագայում որոշիչ դեր կատարեցին բարոյակամային որակները, որով աչքի ընկավ հայորդին. նա հաղթեց / 2 : 1 / ու պարզճակատ հեռացավ ասպարեզից:
Դժգոհելու տեղիք չտվեց նաև Կնյազ Իբոյանը / 92 կգ /: Արշալույսցի / Էջմիածին / մարզիչ Նարեկ Եդիգարյանի սանը գրավեց երկրորդ տեղը և տուն կվերադառնա արծաթե մեդալով:
Ծիրանագույն ՝ բրոնզե մեդալի արժանացավ Արշակ Հայրապետյանի սան, գերծանրքաշային / 125 կգ / Խաչատուր Խաչատրյանը: Մարմնեղ տղաների պայքարում մեդալ նվաճելը արդեն մեծ պատիվ է, իսկ այն, որ երրորդ տեղի համար գոտեմարտում նա << նոկաուտով >> հաղթեց լեհ Միխայիլ Դուբովսկուն / 10 : 0 /, վկայում է, որ մեր ազգային թիմում կունենանք հուսալի համալրում: Ի դեպ, Խաչատուրը ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանի որդին է:
Հաջողության առթիվ շնորհավորում ենք մարզաձևի հանրապետական ֆեդերացիային, հավաքականի մարզչական խումբը գլխավորած Հաբեթնակ Կուրղինյանին, ըմբիշների անձնական մարզիչներին և, իհարկե, մեդալակիրներին: