ԲՐԻՍԲԵՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է

16:17 - 02 Ապր, 2025

<< Բրիսբեն – 2032 >>  ամառային օլիմպիական խաղերի համար կկառուցվեն 63 հազար տեղանոց ստադիոն և ջրային մարզաձևերի կենտրոն: Դրանք կլինեն   համաշխարհային նոր  մակարդակի մարզահանգրվաններ:  

Օլիմպիական մարզադաշտի կառուցումը կարժենա  մոտ 2,3 միլիարդ ավստրալական դոլար (1,5 միլիարդ եվրո):  Միջոցները կհատկացնեն մասնավոր ներդրողները: Խաղերից հետո այդ ասպարեզում նախատեսվում է անցկացնել ավստրալական ֆուտբոլի և կրիկետի հանդիպումները, ինչպես նաև համերգներ և ժամանցային միջոցառումներ։

Ջրային մարզաձևերի  ժամանակակից կենտրոնում  կտեղակայվի 50 մետրանոց  երկու փակ  լողավազան՝ մարզումային և մրցումային: Այնտեղ  կանցկացվեն  լողի, ջրացատկի, արտիստիկ լողի և ջրագնդակի ուսումնամարզական հավաքներ և մրցաշարեր: Տրիբունաները  կտեղավորեն 25 հազար հանդիսական, սակայն մրցումների ավարտից հետո դրանց  թիվը կկրճատվի մինչև 8000 -ի։

Կվերանորոգվի նաև  թենիսի կենտրոնը՝ 3000 նստելատեղով և 12 նոր կորտով, ինչպես նաև` մականախաղի մարզադաշտը:

Տեղական ցուցահանդեսային կենտրոնի տարածքում կկառուցվի  20000 տեղանոց մարզադաշտ և օլիմպիական գյուղ, որը նախատեսված է ավելի քան 10000 մարզիկ - մարզուհիների համար։ Խաղերից հետո այն կվերածվի  բնակելի շինությունների:

Այլ նորություններ