Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նորընտիր նախագահ Քիրստի Քովենտրին հյուրընկալվել է Լոզանի օլիմպիական տանը: Նրան ջերմորեն են ընդունել ՄՕԿ-ի աշխատակիցները՝ նախագահ Թոմաս Բախի գլխավորությամբ: Շենք մտնելիս նոր նախագահին դիմավորել են երկարատև ու բուռն ծափահարություննեով և լուսանկարվել են խորհրդանշական սանդուղքի վրա:
Քովենտրին հուզվել է ջերմ ընդունելությունից և ասել, որ այդ ամենը չի ջնջվի իր հիշողությունում և որ երբևէ չէր կարծի, թե կաշխատի օլիմպիական տանը:
Երախտագիտություն հայտնելով ներկաներին Քովենտրին նշել է, որ շատ ոգևորված է հաջորդ ութ տարիների աշխատանքի համար և ամենի հիմքում ընկած կլինի «Ես եմ, որովհետև մենք ենք» կարգախոսը:
Մինչ Լոզան այցելելը, ՄՕԿ-ի նորընտիր նախագահը, Նամիբիայի Վինդհուկ քաղաքում մասնակցել է Աֆրիկայի մարզիկների ֆորումին: Նրան այնտեղ դիմավորել է Նամիբիայի Հանրապետության նախագահ Նետումբո Նանդի-Նդաիթվահը և շնորհավորել Քովենտրիին՝ ՄՕԿ –ի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Հիշեցնենք, որ նորզելանդացի 41 –ամյա Քիրստի Քովենտրին ՄՕԿ –ի 44 –րդ վեհաժողովում անցկացված նախագահի ընտրությունում, բացարձակ մեծամասնությամբ է հաղթող ճանաչվել՝ գերազանցեով մյուս վեց թեկնածուներին և 130 –ամյա ՄՕԿ –ի պատմության մեջ դարձել է առաջին կին ղեկավարը, որը թվով տասներորդն է:
Քովենտրին ոչ միայն առաջին կին ղեկավարն է, այլ նաև առաջին աֆրիկացի և ամենաերիտասարդ նախագահը՝ Պիեռ դե Կուբերտենից հետո: Մինչ այժմ ՄՕԿ-ի բոլոր ղեկավարները եվրոպացի էին, բացառությամբ՝ ամերիկացի Էյվերի Բրունդիջի։
Նորընտիր նախագահը լողորդուհի է և Աֆրիկա աշխարհամասից օլիմպիական խաղերի ամենաշատ՝ յոթակի մեդալակիրը. կրկնակի չեմպիոն (2004թ., 2008թ.), եռակի փոխչեմպիոն և մեկ բրոնզե պարգև: Եղել է նաև աշխարհի եռակի ոսկե դափնեկիր:
2018թ. Զիմբաբվեի սպորտի, հանգստի, արվեստի և մշակույթի նախարարն է, 2023թ. ՄՕԿ-ի գործկոմի անդամ և մարզիկների հանձնաժողովի նախագահը։
Քովենտրին ՄՕԿ –ի նախագահի ղեկը պաշտոնապես կստանձնի առաջիկա հունիսի 23-ին: Մինչ պաշտոնի ստանձնումը նա պարբերաբար կայցելի Լոզանի օլիմպիական տուն: