ՀԱՂԹԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

11:07 - 10 Ապր, 2025

. . . Արսեն Հարությունյան / Հայաստան / - Զաուր Ուգուև / Ռուսաստան / գոտեմարտի ավարտին անմիջապես հաջորդեցին Բրատիսլավայի մարզապալատում մրցման ընթացքին հետևող մարզասերների երկարատև, բուռն ծափահարությունները: Նրանք իրենց գոհունակությունը այդպես հայտնեցին << ներկայացման հերոսներին >>:

Հիրավի, երևի թե այդ մրցամարտը լավագույնն էր Սլովակիայում անցկացված Եվրոպայի ազատ ըմբշամարտի առաջնությունում: Տոկիոյի օլիմպիական խաղերի ոսկե դափնեկիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Ուգուևից չափազանց մեծ ջանքեր պահանջվեց Եվրոպայի քառակի չեմպիոն, մասիսցի Հարությունյանի նկատմամբ առավելության հասնելու համար:

Գորգի մրցավարի կամքով Արսենը միավորով տուժեց՝  ենթադրյալ պասիվության համար: Հետևեց հեղինակավոր մրցակցի երկու միավորանց հնարքը, որը չբավարարեց նրա մարտավկաներին: Տեսագրությունը  հակառակն  ապացուցեց և  մեր մարզիկը միավոր ստացավ ու հաշիվը դարձավ 3 : 1:

Ընդմիջումից հետո մրցագորգի վրա ծավալված իրադարձություններից առաջացած մեծ լարվածությունը տարածվեց նաև տրիբունաներում: Ընթացքում հայ վարպետը արտակորումով չորս միավորանոց դիտարժան գցում կատարեց և առավել տիտղոսակիր մրցակցից հաշվի մեջ առաջ անցավ ՝ 5: 3:

Հանդիպումը մոտենում էր ավարտին ու հուզված հայ մարզասերը շունչը պահած սպասում էր մեր Արսենի խոսուն հաղթանակին: Ավաղ, նա մի ակնթարթ շեղեց ուշադրությունը, ընկավ հնարքի տակ, որի հետևանքով հաշիվը հավասարվեց / 5 : 5 /, իսկ վերջնամասում կորցրեց ևս երկու միավոր ու բավարարվեց արծաթե մեդալով:

Ներկաները գոհ մնացին նաև փոխչեմպիոնից, որը մինչև վերջին ակնթարթը գրոհի էր ձգտում, որի արդյունքում գրանցվեց, այսպես ասած, հաղթական պարտություն: Դա ուրվագծվեց նաև ըմբիշի անձնական մարզիչ Արշակ Հայրապետյանի դեմքին:  

Թիմայինում հինգերորդը ճանաչված Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած  հավաքականի հաշվին գրանցվեց  երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ:  

Ազատ ոճայինների  արդյունքը դժգոհելու տեղիք չի տալիս:

Այլ նորություններ