Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ավարտվեց Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունը:
Նախորդ տարիների նման, այս անգամ նույնպես, այդ ստուգատեսում, 77 կգ քաշայինների պայքարում, անգերազանցելի էր երևանցի Մալխաս Ամոյանը:
Նախնական փուլերում նա ծնկի բերեց մրցակիցներին և մտավ եզրափակիչ: Իհարկե, վճռական փուլ են մտնում ուժեղագույնները, ովքեր արժանի են չեմպիոնի կոչմանը: Այս առումով վրացի Ռամազ Զոյիձեն բացառություն չէր: Հենց այն, որ նա հանդիսանում է աշխարհի բրոնզե մեդալակիրը և արդեն 29 տարեկան է, վկայում է, որ նա մարզական երկարամյա կենսագրությունում բազում խոսուն հաղթանակներ է տոնել: Ինչպես ակնկալվում էր, հզորների միջև բախումները նույնքան հզոր էին: Այդ պարագայում իր առավելությունը ցույց տվեց վաստակավոր մարզիչ Համլետ Հովհաննիսյանի անձնական սանը՝ Մալխաս Ամոյանը:
Արտասավոր լարված պայքարում վճռական դեր կատարեց մրցողների ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականությունը, որտեղ ընդգծվեցին մեր վարպետի որակները, որոնց գումարվել էր նաև մարտական ոգին: Եվ նա հաղթեց 3 : 1 հաշվով: Դա նրա չորրորդ ոսկեզօծ հաջողությունն էր համանուն ստուգատեսներում:
Դժգոհելու տեղիք չտվեց Կարեն Ասլանյանը / 63 կգ/: Վաստակավոր մարզիչ Սամվել Գևորգյանի երևանցի աշակերտը նույնպես հասավ վճռական փուլ: Նա հաղթանակի նպատակով ելավ ասպարեզ: Ավաղ, մեկնարկում նրան անակնկալ էր սպասվում. գորգի մրցավարի սուլիչին ակնթարթորեն հետևեց թուրք մրցակցի միավորներով հարուստ գրոհը, որից հանկարծակիի եկավ Կարենը: Ճիշտ է, գոտեմարտի վերջնափուլում նա սթափվեց, << ուշքի եկավ >>, բայց արդեն ուշ էր: Այնումենայնիվ, նրա նվաճած արծաթե պարգևը նույնպես խոսուն հաջողություն է:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի թիմի արդյունքը գոհացնող է և այդ առթիվ շնորհավորում ենք համակազմին, մարզաձևի հանրապետական ֆեդերացիային, համապատասխան բոլոր կազմակերպություններին:
Հարկ է նշել, որ ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը Արթուր Ալեքսանյանին ճանաչել է 2024թ․ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ: Այդ առթիվ Հայաստանի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ըմբիշին հենց Բրատիսլավայում շնորհվեց անվանական գավաթ և դրամական մրցանակ:
Նույն կազմակերպությունը նախորդ մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչել գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանին:
Շնորհավորում ենք դափնեկիրներին: