LA 28 – Ի ՄՐՑԱՎԱՅՐԵՐԸ

15:47 - 18 Ապր, 2025

LA28 ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն  հայտնել է  մրցավայրերի  ընդգրկուն, համապարփակ  տարբերակը, որը  միջազգային օլիմպիական կոմիտեի  գործկոմը հաստատել է:

«Մենք աշխարհին խոստացել ենք անհավատալի օլիմպիական խաղեր, և այսօր  հպարտ ենք կիսվել ծրագրով,  որը պատրաստ ենք իրականացնել: Լոս Անջելեսը սպորտի, մշակույթի և զվարճանքի էպիկենտրոնն է, և ապագա խաղերի համար ընտրված յուրաքանչյուր մրցավայր մարզիկների և երկրպագուների համար  կապահովի լավագույնը»,  - ասել է LA28-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռեյնոլդ Հուվերը:

Exposition Park-ից և Downtown LA տարածքից բացի  ցանկում  ավելացել են Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (USC) մարզական կենտրոնը, որտեղ կմասնակցեն բադմինթոնի, ինչպես նաև գեղարվեստական մարմնամարզության ներկայացուցիչները:

Peacock Theatre-ը և Downtown Arena-ն հաստատվել են որպես բռնցքամարտի,  Peacock Theatre-ն՝  ծանրամարտի, սպորտային   մարմնամարզության ու ցատկացանցի մրցումների անցկացման վայրեր:

Memorial Coliseum-ը, որը  1932 և 1984թթ.  խաղերի գլխավոր մարզադաշտն է եղել, կրկին  կընդունի օլիմպիականներին: Այնտեղ կմրցեն  դրոշ – ֆուտբոլի մարզիկները: Այդ մարզաձևը  իր նորամուտը կնշի  2028թ. խաղերում:

Բեյսբոլի օլիմպիական վերադարձը  տեղի կունենա Դոջեր մարզադաշտում, ժամանակակից հնգամարտը և 3x3 բասկետբոլը՝  Valley's Sepulveda Basin Recreation Area-ում, որտեղ կհյուրընկալվեն նաև  սքեյթբորդինգի և BMX հեծանվավազքի մասնակիցները:

Նետաձգության մրցաշարը տեղի կունենա Կարսոն քաղաքի մարզադաշտում: Այնտեղ  առավելագույնի է հասցվել  մարզահամալիրի օգտագործումը, որտեղ արդեն հաստատված են  ռեգբի - 7-ը, հեծանվավազքը, մականախաղը և թենիսը:

Կօգտագործվի  Կալիֆորնիայի խորհրդանշական ափամերձ տարածքը: LA - 28-ը լիովին կօգտվի խաղաղօվկիանոսյան իր ապշեցուցիչ ափից, որը հայտնի  Venice Beach թաղամասն է: Այն  կծառայի եռամարտի, մարաթոնի և խճուղային հեծանվասպորտի երթուղիների մեկնարկի համար:

Հարավի Լոնգ Բիչ քաղաքի Ալամիտոս լողափը  կընդունի լողափնյա վոլեյբոլի, առափնյա թիավարության, սպորտային ժայռամագլցման  և հրաձգության մասնակիցներին:

Ավելի հարավում՝ Սան Կլեմենտեում գտնվող Trestles Beach-ում Կալիֆորնիայի լավագույն ալիքների հմայքը կվայելեն սյորֆինգիստները:  

Կրիկետի մրցումները կանցկացվեն Պոմոնայի Fairgrounds-ում: Մարզասերները  վոլեյբոլ  կարող են դիտել Անահեյմի արենայում, իսկ հեծյալների պայքարը կանցկացվի  Արկադիայում գտնվող ձիասպորտի կենտրոնում:

Փասադենա քաղաքի  պատմական Ռոուզ Բոուլ մարզադաշտը կհուրընկալի   ֆուտբոլի մրցաշարը, որտեղ նշանակված են տղամարդկանց, կանանց կիսաեզրափակիչները  և եզրափակիչները:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ  կանոէ սլալոմը և սոֆթբոլը կուղևորվեն Օկլահոմա Սիթի Ռենո:

Ծրագիրը հիմնված է օլիմպիական օրակարգ - 2020-ի առաջարկությունների վրա: Գլխավոր  նպատակն է  առավելագույնի հասցնել գոյություն ունեցող և ժամանակավոր վայրերի օգտագործումը, խուսափել  շինարարության անհրաժեշտությունից, ընդլայնել Լոս Անջելեսի համայնքների հնարավորությունները և գործառնական արդյունավետությունը:

LA28 օլիմպիական խաղերը տեղի կունենան 2028թ. հուլիսի 14- 30-ը, որին կհաջորդի  պարալիմպիկը՝  օգոստոսի 15- 27-ը։

 

 

Այլ նորություններ