Ուրախալի լուր այսօր հայտնեց Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ, գիտությունների թեկնածու, գյումրեցի Գրիգոր Բարսեղյանը: Իրանի Մաշադ քաղաքում անցկացված միջազգային խոշոր մրցաշարի մասնակից 14 երկրների ներկայացուցիչների թվում են եղել մեր երկու պատվիրակները:
Գլխավոր մարզչի որոշումով թիմի առաջատարներ, գյումրեցի Երվանդ Մկրտչյանին և արտաշատցի Գոռ Հովակիմյանին մրցավայր էր ուղեկցել մարզիչ Գառնիկ Հովակիմյանը:
Մերոնք արդարացրել են սպասելիքները: Երվանդը 1500 մետր վազքում իրենից ետ է թողել բոլոր մրցակիցներին ու 3. 48, 17 արդյունքով առաջինն է հատել եզրագիծը, ճանաչվել է լավագույնը և նրա հաղթանակի պատվին հնչել է հայոց օրհներգը:
Մրցաշարի երկրորդ օրը Երվանդը մասնակցել է 5000մ. վազքին: Այստեղ էլ նա գոհացրել է. 14. 40, 12 ժամանակով ճանաչվել է երկրորդը, որը նույնպես գովելի ցուցանիշ է:
Դժգոհելու տեղիք չի տվել նաև ցատկորդ Գոռը: Նա եռացատկել է 15 մ. 72 սմ, հեռացատկել՝ 7մ. 41 սմ. և երկու դեպքում էլ դարձել է երկրորդ մրցանակակիր ու պարգևատրվել արծաթե մեդալներով:
Գլխավոր մարզիչը նաև տեղեկացրեց, որ մայիսին նախատեսված են համապետական մրցաշարերը: Կարևորվում են Հայաստանի առաջնությունը և Գառնիկ Ղուկասյանի ավանդական հուշամրցաշարը: Արտաշատում հաջորդաբար կայանալիք այդ ստուգատեսների արդյունքներով կկազմվի երկրի գլխավոր թիմը, որը կմասնակցի միջազգային մրցումներին:
Մեր աթլետների համար ամառային մեկնարկների սկիզբը կազդարարվի հունիսի 24 – 25 –ին՝ Սլովենիայի Մարիբոր քաղաքում նախատեսված Եվրոպայի թիմային առաջնությունով: