Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին՝ վեցերորդ փուլում, իր չորրորդ ոսկե մեդալը նվաճեց ՀՀ հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը:
Կահիրեում փաստորեն ավարտվեց նաև աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ հաջող մրցելույթներով մարզաձևի հայրենական դպրոցի բարի ավանդույթները հարստացրին մեր պատվիրակները:
Վեց փուլերի հանրագումարով որոշվեցին առանձին մրցաձևերի բացարձակ հաղթողները:
Հաճելի է, որ ՀՀ տղամարդկանց հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը / հենացատկ / և Համլետ Մանուկյանը / նժույգթափեր / ճանաչվեցին բացարձակ գավաթակիրներ, այն դեպքում, երբ խաղարկության վեց փուլերից միայն հինգին մասնակցեցին մեր մարզիկները: Հիշենք, որ Բաքվում ամեն տարի անցկացվող մրցաշարին մերոնք հասկանալի պատճառներով հանդես չեն գալիս:
Արժե նշել, որ Արթուրը հինգ մրցումներից չորսում գրավեց առաջին և մեկում ՝ երրորդ տեղը, իսկ նրա կրտսեր թիմակից, շնորհաշատ 18 –ամյա Համլետը իր հաշվին գրանցեց երեք ոսկե պարգև:
Գովասանքի ամենաջերմ խոսքերի են արժանի հավաքականի գլխավոր մարզիչ, բազմափորձ և հմուտ մասնագետ և մրցավար Հակոբ Սերոբյանի ղեկավարած մարզչական հանձնախմբի բոլոր անդամները, գավաթակիրների թիմակիցները, մարզաձևի ֆեդերացիայի համակազմը . . .
Հայաստանի հավաքականը առաջիկայում կմասնակցի Լայպցիգում մայիսի 26 – 31 –ը կայանալիք Եվրոպայի սպորտային մարմնամարզության առաջնությանը: