Ինչպես արդեն հայտնել ենք, 2025 թվականը յուրահատուկ տարի է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF / համար: Բոլորում է կառույցի հիմնադրման 120-ամյակը:
Կազմակերպությունը ստեղծվել է 1905թ. հունիսի 10-ին՝ Դույսբուրգում (Գերմանիա):
Տարեթվի առթիվ, 120 –ամյա ֆեդերացիան, փետրվարի 11-ից մինչև հունիսի 10-ը, ուղիղ 120 օր, ներկայացնում է IWF-ի պատմության որևէ կարևորագույն իրադարձություն. առանցքային պահ, լեգենդներին նվիրված դիմանկարներ և այլն:
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ IWF – ն անդրադարձել է բուլղարահայ լեգենդար ծանրորդ, Նորայր Նուրիկյանին: Եվ ահա կազմակերպությունը գրել է Յուրի Վարդանյանի կենսագրությունը, որը զետեղում ենք որոշ կրճատումներով.
<< . . . Ծնվել է Գյումրիում՝ 1956թ. հունիսին:
14 տարեկանից է զբաղվել ծանրամարտով՝ հորեղբոր ղեկավարությամբ: 1977թ. նվաճել է իր առաջին ոսկե մեդալը Շտուտգարտում (Գերմանիա) կայացած աշխարհի առաջնությունում։ Նա պահպանել է իր տիտղոսը հաջորդ երկու մրցաշրջաններում՝ 1978 և 1979 թվականներին։ Մրցելով 82.5 կգ քաշային կարգում, 1980թ. Մոսկվայի օլիմպիական խաղերի է մեկնում որպես հաղթողի հիմնական ֆավորիտներից մեկը և հաստատում է իր հեղինակությունը՝ համոզիչ արդյունքով: Նա այդ քաշային կարգում առաջինն էր, որ երկամարտում հատեց 400կգ –ի / 177.5 կգ + 222.5 կգ / սահմանագիծը:
Նրա ֆանտաստիկ ցուցանիշը աներեր է մնում, քանզի ծանրամարտում փոփոխություն է կատարվել քաշային կարգերում . . . >> :
Մեր կողմից հավելենք, որ մոսկովյան խաղերում նրա փայլուն հաղթանակով հիացած մարզաձևի միջազգային ֆեդերացիայի այն ժամանակվա նախագահ Գոտֆրիդ Շյոդլը հետևյալն է ասել. << Յուրին ամենաթանկագին ադամանդն է համաշխարհային բարձրագույն նվաճումների հասած մարզիկների ցանկում: Ցնցված եմ հայորդու աներևակայելի կատարումներով: Յուրին ֆանտաստիկա է և նույնիսկ դարավարտից 20 տարի առաջ կարող եմ շեշտել, որ նա է դարի ռեկորդակիրը . . . >>:
Յուրի Վարդանյանը սահմանել է համաշխարհային 43 ռեկորդ, պաշտոնական մրցումներում արժանացել է 111 ոսկե մեդալի, երեք անգամ, տարբեր մրցումներում, մեկ օրում, սահմանել է աշխարհի 5 –ական ռեկորդ: Մոլորակի վեցակի և Եվրոպայի յոթակի ոսկե դափնեկիր է . . .
2018թ. նոյեմբերին, երկրային կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց ծանրահարթակի արքա, 62-ամյա Յուրի Վարդանյանը: