ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԸՄԲԻՇՆԵՐԻՆ

12:27 - 23 Մայ, 2025

Այսօր՝  մայիսի 23-ին,  նշվում է  ըմբշամարտի համաշխարհային օրը: Տոնը նշանավորում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջին առաջնությունը, որն անցկացվել է Վիեննայում՝ 1904թ.: Մասնակցել է ընդամենը 26 մարզիկ:

Ըմբշամարտը մարտարվեստի հնագույն տեսակներից է, որն առաջացել է հին ժամանակներում և  հիշատակվում է գրական աղբյուրներում: 

Հին Հունաստանում ըմբշամարտը ընդգրկված է եղել  օլիմպիական խաղերում։ Միջնադարում մարզաձևով  հրապուրվել են տարբեր զբաղմունքի  մարդիկ:  

Ժամանակակից ըմբշամարտի սկիզբը դրվել է  Ֆրանսիայում՝  1830-ական թվականներին և կոչվել է   հունահռոմեական ոճ:

1896թ. հունահռոմեականը ներառվել է ժամանակակից  օլիմպիական առաջին խաղերի ծրագրում։ Չորսական տարվա տարբերությամբ  կայացել են Եվրոպայի, ապա ՝  աշխարհի անդրանիկ  առաջնությունները։ 

1912թ. ստեղծվել է  մրցումներ կազմակերպելու միջազգային կոմիտե։ 1921թ. այն  վերածվել  է սիրողական ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԼԱ (FILA): Կազմակերպությունը  համախմբում է ազատ և հունահռոմեական ոճերի ներկայացուցիչներ՝  հինգ մայրցամաքների շուրջ 150  երկրներից:  

Ֆեդերացիան ամեն տարի անցկացնում է  ավելի քան  100 մրցաշար՝  աշխարհի,  մայրցամաքային առաջնություններ / տարբեր տարիքային խմբերի համար /,  միջազգային մրցաշարեր, ընկերական հանդիպումներ և այլն։ 

Ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններն անցկացվում են 1928 թվականից, իսկ աշխարհինը՝ 1951 - ից։ 

Այն բանից հետո, երբ ըմբշամարտը օլիմպիական խաղերի ծրագրից դուրս մնալու շեմին էր, 2013թ. միջազգային ֆեդերացիան կտրուկ միջոցներ  ձեռնարկեց.  փոխվեց ղեկավարությունը,  մրցակարգը, կազմակերպության անվանումը (FILA-ն վերանվանվել է United World Wrestling): 

ՄՕԿ-ը բարձր գնահատեց փոփոխությունները և մարզաձևը շարունակում է մնալ օլիմպիական խաղերի հիմնական ընտանիքում:

Նշենք, որ  Հայաստանը չեմպիոնների դարբնոց է, որի սկիզբը դրվել է  Մ. Թ. Ա. 281թ. կայացած 265 –րդ օլիմպիական խաղերում, որտեղ հաղթողի պատվին է արժանացել հայոց Տրդատ երրորդ Արշակունին / նա 287թ.հռչակվել է թագավոր /: 

Մեր երկրում  ըմբշամարտը  ամենապահանջված մարզաձևերից մեկն է։ Հայ մարզիկները հաղթանակներ են տանում Եվրոպայի , աշխարհի առաջնություններում, օլիմպիական խաղերում և միջազգային խոշոր այլ մրցաշարերում:

Շնորհավորում ենք մարզաձևի համապետական ֆեդերացիային, մարզիչներին, մարզիկներին, նվիրյալներին  և հաղթանակներ ակնկալում միջազգային պատասխանատու մրցումներում:

 

 

Այլ նորություններ