Արտաշատում անցկացվեց Հայաստանի աթլետիկայի առաջնությունը: Մրցումներին հայտավորված էին ավելի քան 70 մարզիկ - մարզուհիներ: Նրանք իրենց ունակությունները դրսևորեցին վազքեր, ցատկեր, նետումներ մրցաձևերում: Հաշվարկից դուրս հանդես եկան նաև Վրաստանի ութ պատվիրակներ:
Չեմպիոնի կոչմանն արժանացան Մանուկ Մանուկյանը (մուրճի նետում, գնդի հրում, սկավառակի նետում), Մարի Սարգսյանը (800 մետր,1500 մետր վազք), Յանա Սարգսյանը (եռացատկ, հեռացատկ), Վահան Մանուկյանը (նիզակի նետում), Գոռ Հովակիմյանը (եռացատկ), Միլենա Գրիգորյանը (400 մետր վազք), Արամ Արամյանը (400 մետր արգելավազք), Երվանդ Մկրտչյանը (800 մետր վազք, 1500 մետր վազք), Գայանե Չիլոյանը (100 մետր, 200 մետր վազք), Սամվել Գևորգյանը (200 մետր վազք), Մելինե Ադամյանը (100 մետր, 400 մետր վազք), Սուսաննա Բաբայանը (գնդի հրում), Մարիամ Մկրտչյանը (նիզակի նետում), Լիլիթ Մկրտչյանը (սկավառակի նետում), Ժաննա Շահնազարյանը (մուրճի նետում), Ռոման Ալեքսանյան (3000 մետր վազք) :
Արդյունքների մասին զրուցեցինք ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ, գյումրեցի Գրիգոր Բարսեղյանի հետ: Նա գոհունակություն հայտնեց մասնակիցների ընդհանուր պատրաստականության համար: Ի դեպ, առաջնությունում հայտավորված էին համապատասխան վարկանիշ ունեցողները:
Առանձնապես աչքի ընկան սպորտի վարպետի արդյունք ցույց տված արագավազորդներ (100մ., 200մ. ), երևանցի Գայանե Չիլոյանը, արտաշատցի Սամվել Գևորգյանը, միջին տարածության վազորդ, հավաքականի առաջատար, գյումրեցի Երվանդ Մկրտչյանը, որը 800 մետրում 1. 49, 98 արդյունքով ՀՀ առաջնությունների ռեկորդ սահմանեց: Արժե նշել, որ նրան է պատկանում նաև երկրի ռեկորդը, որը Երվանդը գրանցեց անցյալ տարի՝ Փարիզի օլիմպիական խաղերում (1, 49, 91 ):
Ցատկերի հատվածում առանձնացան կապանցի Յանա Սարգսյանը ( հեռացատկ՝ 6, 10 սմ և եռացատկ ՝ 13. 06սմ / ու արտաշատցի Գոռ Հովակիմյանը ( եռացատկ ՝ 16մ. 12 սմ ):
Դիտարժան պայքարում անցավ տղամարդկանց 400մ. վազքը: Ստուգատեսի նորեկներ, վանաձորցի Ստյոպա Անդրեասյանը և արտաշատցի Վահե Ավագյանը ուժերի անմնացորդ նվիրումով ավարտեցին մրցությունը: Ընդամենը մի քանի ակնթարթով առաջինը եզրագիծը հատեց Ստյոպան, որը ցույց տվեց 49. 56 վրկ, իսկ Վահեն տարածությունը անցավ 49. 87 վայրկյանում:
Հայաստանի անկախության ընթացքում առաջին անգամ մրցեցին նետորդները: Այդ գործում անուրանալի է ՀՀ ֆեդերացիայի նախաձեռնությամբ տեղադրված անվտանգության ցանցի նշանակությունը: Իրենց ունակությունները դրսևորեցին սկավառակ, նիզակ, մուրճ և գունդ մարզագործիքների ներկայացուցիչները: Նրանց ցույց տված արդյունքները, հասկանալի պատճառով, առայժմ չգոհացրին: Թերևս արժե նշել վանաձորցի մրճանետորդ Ժաննա Շահնազարյանի ( 47մ. 38 սմ. / և գյումրեցի սկավառականետորդ Մանուկ Մանուկյանի ( 51մ. 24 սմ ) ցուցանիշները:
Գլխավոր մարզիչը նաև ընդգծեց, որ հարևան Վրաստանի պատվիրակների մասնակցությունը տոն տվեց մրցության լարվածությանը, որը դրական ազդեցություն ունեցավ արդյունքների վրա:
Կազմվեց հավաքական, որը կնախապատրաստվի հունիսի 24 – 25 –ին Սլովենիայի Մարիբոր քաղաքում նշանակված Եվրոպայի թիմային առաջնությանը: Նախատեսվում է մեր երկրի շուրջ երկու տասնյակ աթլետների մասնակցությունը: