ԱՌԱՋԻՆ ԿԻՆԸ՝ ՄՕԿ – Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

15:47 - 23 Հուն, 2025

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, զիմբաբվեցի  Քիրստի Քովենթրին այսօր ` 2025թ. հունիսի 23 –ին, Լոզանի օլիմպիական տանը տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ, ստանձնեց ՄՕԿ-ի նախագահի պաշտոնը։

Քովենթրին  ընտրվել է Հունաստանում կայացած ՄՕԿ-ի 144-րդ նստաշրջանում։ Նա փոխարինել է գերմանացի  Թոմաս Բախին, որը 2013 թվականից գլխավորում էր  կառույցը: Բախը նրան է հանձնել արարողակարգային բանալին։

41-ամյա Քովենթրին ՄՕԿ-ի 10-րդ նախագահն է և առաջին կինը, որը ղեկավարում է կազմակերպությունը։ Քովենթրին կրկնակի օլիմպիական չեմպիոն է (2004թ.,  2008 թ. ) 200 մետր թիկնալողում:  Նվաճել է  նաև երեք արծաթե և մեկ բրոնզե  պարգև,  աշխարհի եռակի չեմպիոն է։ 2018թ. Զիմբաբվեի սպորտի, հանգստի, արվեստի և մշակույթի նախարարն էր, իսկ  2023թ. ՄՕԿ-ի գործկոմի անդամ և  մարզիկների հանձնաժողովի նախագահն էր։

Օլիմպիական շարժումը նման է սարդոստայնի. այն պետք է մնա անվնաս՝ կայուն լինելու  համար։ Սա այն կարծիքն է, որը Քիրստի Քովենթրին հայտնել է  երդմնակալության արարողության ժամանակ։ - Բայց այն այդպես է մնում միայն այն դեպքում, եթե մենք միասին աշխատենք, եթե մենք միասնական մնանք։

Հաջորդ  տարիների ընթացքում համատեղ աշխատելը և այն ամրապնդելու անընդհատ ուղիներ գտնելը թույլ կտա պահպանել մեր շարժումը, ոգեշնչել ապագա սերունդներին և իրականացնել երազանքները», -  իր ելույթում ասել է Քովենթրին:

Նորաթուխ նախագահը ՄՕԿ - ի  ոսկե  շքանշան է հանձնել Թոմաս Բախին:

Բախը շնորհակալություն է հայտնել և ասել,  որ օլիմպիական շարժումը՝ Քիրսթի Քովենթրիի հետ կլինի  հուսալի ձեռքերում:

Արժե հիշել, որ ՄՕԿ –ի արդեն նախկին նախագահ Բախը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով,  2015թ. հոկտեմբերի 9 –ին մասնակցել է ժամանակակից օլիմպիական խաղերի հայաստանցի առաջին չեմպիոն /1952թ./, մեծն մարմնամարզիկ  Հրանտ Շահինյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Թոմաս Բախն  իր  խոսքում  խոնարհում ու հարգանք է   մատուցել մեր առաջնեկ չեմպիոնին: Նա  բարձր է գնահատել  Գագիկ Ծառուկյանի  նախաձեռնությունը, որը յուրատեսակ  ապացույցն է նրա մարդկային արժանիքների,  գնահատումը `   կյանքին հրաժեշտ տված  մեծություններին և անհատականություններին : 

 

 

 

Այլ նորություններ