ԱՍՊԱՐԵԶ ԵԼԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

11:17 - 14 Հուլ, 2025

Ալբանիայում  ավարտվեց մինչև 16  տարեկան տղաների բասկետբոլի  Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի  մրցաշարը

Մասնակիցների թվում էր նաև մեր երկրի հավաքականը: Արժանին պետք է մատուցել  Հայաստանի  պատանիներին, որոնց մասնակցությամբ  մրցումները անցան դիտարժան ու բովանդակալից պայքարում:

Հայ մարզասերին գոհացրեց հատկապես երրորդ տեղի համար  տանտերերի թիմի հետ կայացած մրցամարտը: Հասկանալի է, որ մարզադահլիճի տրիբունաները բուռն աջակցություն ցուցաբերեցին իրենց հավաքականին: Բայց այդ հանգամանքը չթուլացրեց մարտական տրամադրությամբ խաղահրապարակ ելած հայորդիներին, որոնք գործեցին գրեթե անսխալ և տպավորիչ  ու խոսուն հաղթանակ  տոնեցին 118։78 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Էդգար Աղաբեկյանն էր: Նա վաստակեց   36 միավոր, 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող  գնդակին և կատարեց 7 արդյունավետ փոխանցում:

Էդգարի գործողությունները գոհացրեց նաև առաջնության կազմակերպիչներին, որոնք մեր մարզիկին ընդգրկեցին Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի լավագույն խաղացողների հնգյակում:

Շնորհավորում ենք պատվո պատվանդանի երրորդ աստիճանը զբաղեցրած մեր բասկետբոլիստներին, ավագ մարզիչ Միքայել Պողոսյանին, նրա  օգնական Մխիթար Վարդանյանին, մարզաձևի հանրապետական ֆեդերացիային և մարզասերներին:

 

Այլ նորություններ