
Մարզական որակներով բնածին օժտված տղա է երևանցի Եղիշե Մոսեսյանը: Ջրվեժի մարզադպրոցում, մարզիչ Արմեն Շահվերդյանի գլխավորությամբ է նա մուտք գործել ազատ ըմբշամարտ:
Մշտապես հաղթանակի ձգտող մարզիկը 15 տարեկանում դարձավ Եվրոպայի կրտսեր տարիքայինների հաղթող: Ընթացիկ մրցաշրջանում 16 – ամյա Եղիշեն երրորդը ճանաչվեց Եվրոպայի՝ մինչև 17 տարեկանների ստուգատեսում: Եվ ահա, ամիսներ անց, նույն տարիքայինների աշխարհի առաջնությունում կրկին դարձավ բրոնզե մեդալակիր:

Ուսումնասիրեցինք Աթենքի առաջնությունում 71 կգ քաշային Եղիշեի անցկացրած գոտեմարտերը: Պարզվեց, որ դժվարին մրցակցությունում է նա հասել պատվո պատվանդան. Ռուսաստանցուն հաղթել է 8 : 3, թուրքին ՝ 9 : 7, ամերիկացու հետ հաջորդ գոտեմարտում գրանցվեց հավասար ՝ 5 : 5 հաշիվ, որտեղ առավելություն տրվեց վերջինը միավոր վաստակած մրցակիցին:
Դժվարին եղավ ուզբեկ մրցակցի դեմ բրոնզե մեդալի համար մղված պայքարը: Եղիշեն սկզբում ետ ընկավ հաշվում ՝ 2 : 6: Այս պարագայում ընդգծվեց պարտության մտքի հետ չհաշտվող հայ մարզիկի անհաշտ բնավորությունը: Ցուցադրելով բարոյակամային չափազանց բարձր որակներ, արժանապատիվ մեր պատանին անընդմեջ հինգ միավոր վաստակեց և 7 : 6 հաշվով հաղթանակ գրանցեց իր օգտին:

Համոզվեցինք նաև, որ ազատ ըմբշամարտում ամուր ու կայուն է միավորների հաշվարկով առաջինը ճանաչված ամերիկյան դպրոցի հիմքերը, վկան ՝ նվաճած չորս ոսկե մեդալը: Զարմացանք երկրորդ տեղը գրաված իրանցիների մասնակցությամբ եզրափակիչ գոտեմարտերի համար: Փառաբանված իրանցի վարպետների հետնորդներից հինգը մտավ եզրափակիչ փուլ և, ով զարմանք, նրանցից ոչ մեկը հաղաթանակ չտոնեց:
Կարծում ենք մասնագետներին չգոհացրեց երրորդը ճանաչված ՌԴ հավաքականը, որի հաշվին գրանցվեց ընդամենը երկու չեմպիոն:
Հուսանք, որ Եղիշե Մոսեսյանի հաջողությունը շարունակական կլինի: