ԹԱԵՔՎՈՆԴՈՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

12:37 - 04 Սեպ, 2025

Սեպտեմբերի 4-ը  սպորտային տոնացույցով  նշվում է որպես թաեքվոնդոյի միջազգային օր։ 

1994թ.  այդ օրը  միջազգային օլիմպիական կոմիտեն Փարիզում հրավիրված նիստում  ճանաչեց թաեքվոնդո  մարզաձևը  և  ընդգրկեց ամառային  օլիմպիական խաղերի ծրագրում: Նորամուտը տեղի ունեցավ 2000թ. Սիդնեյի ամառային համաշխարհային մարզահանդեսում:  

Թաեքվոնդոն կորեական մարտարվեստ է։ Առանձնահատկությունը ոտքերի ակտիվ  գործողություններն են  մարտերում՝ գրոհների և պաշտպանության ընթացքում: 

1990թ.  Հարավային Կորեայի հետ  ԽՍՀՄ –ի քաղաքական հարաբերությունները բարելավվեցին և նույն թվականին պայմանավորվածություն ձեռք բերվեց ցուցադրական ելույթներ և սեմինարներ անցկացնել  համամիութենական  մի քանի հանրապետությունների տարածքում։ 

1973 թվականին  հիմնադրվեց  թաեքվոնդոյի համաշխարհային Ֆեդերացիան, մարզաձև, որը  ծագել է ավելի քան 200 տարի առաջ Կորեայում, երբ ծնվել են  ասիական մարտարվեստները: 

Մարզաձևը առողջ մարդկանց համար է: Ինչպես մյուս մարտարվեստները, թաեքվոնդոն օգնում է իր հետևորդներին կենտրոնանալու ունակության  զարգացմանը և բարենպաստ ազդեցություն է ունենում նրանց ֆիզիկական և մտավոր առողջության վրա: 

Թաեքվոնդոյով զբաղվողներն ավելի արագ են արձագանքում վտանգավոր իրավիճակներին և կարողանում են պաշտպանել իրենց և մյուսներին: Նրանք ունեն այնպիսի բարոյական սկզբունքներ, ինչպիսիք են քաղաքավարությունը, ազնվությունը, դիտողականությունը, ինքնատիրապետումը և կամքը:

Մարզաձևը Հայաստանում  1988թ. հիմնադրեց և տարածեց  Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանող, Մարոկկոյի քաղաքացի   Էլ  Արաբի Ռաշիդը: Նա սև գոտու երրորդ դանի վարպետ էր:

ՀՀ ֆեդերացիան հիմնադրվեց 1992թ՝  Վարուժան Արշակյանի և Միշա Գալստյանի նախաձեռնությամբ: Նույն տարում Երևանի պետկրկեսում տեղի  ունեցավ  թաեքվոնդոյի համապետական անդրանիկ առաջնությունը:

Հիշենք, որ  Էլ  Արաբի Ռաշիդի երևանյան  խմբում պարապողների թվում էր  Արսեն Ավետիսյանը: Նա Ռաշիդի սաներից առաջինը Էջմիածնի Ոսկեհատ գյուղում  1989թ. գարնանը ստեղծեց թաեքվոնդոյի խմբակ: Արսենի անձնական  սաներից էր նաև Արման Երեմյանը, որը Եվրոպայի կրկնակի  չեմպիոն է, համաշխարհային ունիվերսիադաների եռակի մրցանակակիր  և մարզաձևում հայաստանցի միակ ներկայացուցիչը, ով Լոնդոնի օլիմպիական խաղերի  / 2012թ. /  մասնակիցն էր  և ՀՀ  պատվիրակության դրոշակակիրը:

Նշենք նաև, որ Հայաստանում թաեքվոնդոյի  խմբեր են գործում Երևանում, Գյումրիում, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում: Մարզաձևում հմտանում են տարբեր  տարիքի ավելի քան 1500 մարզիկ  - մարզուհիներ: Ուզում ենք հավատալ, որ նրանց շարքերում կաճեն մարտունակ վարպետներ:

 

 

Այլ նորություններ