
Վերջին շրջանում հայ ֆուտբոլասերը այնքան չէր ուրախացել, որքան սեպտեմբերի 9 –ի երեկոյան:
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը, Երևանի հանրապետական ստադիոնում, 2:1 հաշվով հաղթեց Իռլանդիայի թիմին:
Առաջին գոլը գրանցվեց առաջին խաղակեսի վերջում: 44 –րդ րոպեին հյուրերն իրենց տուգանային հրապարակում կոպտորեն վայր գցեցին Լուկաս Սելարայանին: Նշանակվեց 11 մետրանոց, որը դիպուկ հարվածով վստահորեն իրացրեց Էդուարդ Սպերցյանը։
Ընդմիջումից հետո, 51-րդ րոպեին, Նաիր Թիկնիզյանը գնդակը փոխանցեց Հրանտ Ռանոսին, որը առանց հապաղելու գրավեց մրցակցի դարպասը:
Ուրախության ալիքը տարածվեց ոչ միայն հանրապետական մարզադաշտում,այլ, համոզված ենք, ամբողջ հանրապետությունում և մրցամարտի ընթացքին հետևած աշխարհասփյուռ հայության շրջանում:
Վեց րոպե անց, 57-րդ րոպեին, հյուրերից Էվան Ֆերգյուսոնին հաջողվեց << թրջել >> հաշիվը: Եվ սակայն, տանտերերի եռանդուն գործողությունները չընդհատվեցին: Ավելին, 88 –րդ րոպեին, դարձյալ Նաիր Թիկնիզյանը փոխանցումով հարվածի դուրս բերեց փոխարինման ելած Արթուր Սերոբյանին: Նրա անվրեպ հարվածից հետո լուսատախտակի վրա վառվեց 3 : 1 հաղթական հաշիվը: Ոչինչ որ մրցավարները գոլը չգրանցեցին, քանզի տեսագրությունը ցույց տվեց, որ գոլաահարը ինչ որ միլիմետրերով կամ սանտիմետրերով գտնվել է խաղից դուրս վիճակում:
F խմբում Հայաստանի հավաքականը երեք միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը:
Խաղավարտից հետո ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ասել է, որ գոհ է խաղից, գոլերից: Մեր ազգը հաղթանակների կարիք ունի և դա ֆուտբոլիստները կարող են անել: Բայց հաղթանակը չպիտի շատ ուռճացնել, որովհետև առջևում դժվարին շատ խաղեր կան . . .
Մարզիչը նաև շնորհակալ է այն մարզիկներին, որոնք մեկնարկային կազմում չէին ու փոխարինողների նստարանին են եղել, բայց չեն դժգոհել: Հակառակը, ավելի ուշ ասպարեզ մտած Վահան Բիչախչյանը և Արթուր Սերոբյանը գործեցին նվիրվածությամբ ու պայքարեցին մինչև վերջ:
Անելիքներն ու սխալները քիչ չեն, որոնց շտկման համար կպահանջվի քրտնաջան աշխատանք և ժամանակ:
Հոկտեմբերի 11-ին մեր ազգայինը կհյուրընկալվի Հունգարիայի ընտրանուն։