
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը երկրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Նա առաջին տեղը գրավեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված աշխարհի առաջնությունում: Երևանցին պատվաբեր հաղթանակներով արժանացավ ոսկե դափնեկրի կոչմանը:

Նշենք ճապոնացի Նաո Կուսակայի հետ կայացած եզրափակիչ պայքարը: Մալխասը դասական հնարքներ կիրառեց մրցակցի նկատմամբ, որով յուրատեսակ շուք հաղորդեց մրցաշարին, կատարած փառահնարքներով վեհացրեց մարզասերին և ապացուցեց, որ իր մարզաձևը մեր երկրում զարգացնելու, մասսայականացնելու նպատակները զուր չեն:
Մալխասը նաև արժանապատիվ քաղաքացի է, հարգում է իր անձը, երկիրը և, իհարկե, հայրենակիցներին:
Փարիզի օլիմպիական խաղերում մեր վարպետը տանուլ տվեց ճապոնացի հիշյալ մրցակցին / 1: 3 /: Դրան հաջորդեցին տարբեր գնահատականներ: Բայց նա չտրտնջաց, չերերաց: Փոխարենը մարզիչների հետ վերլուծեց ցավալի պարտության պատճառները, գնահատեց իր թերությունները, ճիշտ հետևություն կայացրեց ու վրեժխնդիր լինելու ծրագիր մշակեց: Եվ նա իրենը արեց. հաղթեց, այն էլ օլիմպիական չեմպիոնին, այն էլ ջախջախիչ ՝ 10 : 1 հաշվով:

Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականի անդամներից գոհացրին նաև Հրաչյա Պողոսյանը / 60 կգ / և Սլավիկ Գալստյանը / 67 կգ /: Նրանք ցուցադրեցին հաղթանակի ձգտում, կամային բարձր որակներ, գոտեմարտերում սկզբից մինչև վերջին ակնթարթը պայքարեցին և արժանիորեն կանգնեցին պատվո պատվանդանին:


Նրանց նվաճած բրոնզե մեդալները նույնպես ձուլված են ազնիվ մետաղից և մեծ պատիվ է աշխարհի առաջնությունում տեղ ունենալը մրցանակակիրների շարքում:
Թիմային պայքարում, միավորների հաշվարկով, մերոնք գրավեցին հինգերորդ տեղը: Առաջինը ճանաչվեց Իրանի ընտրանին:
Շնորհավորում ենք հայաստանցի մեդալակիրներին, նրանց անձնական և հավաքականի մարզիչներին, ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիային և ակնկալում նոր հաջողություններ: