
Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո, ՀԱՕԿ –ի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Օլիմպավանում անցկացվեց «Խթանել մարզիկների և նրանց աջակցող անձնակազմի իրազեկվածության մակարդակը Հայաստանի մարզերում» սեմինար – խորհրդակցություն: Նման թեմայով միջոցառում տեղի է ունեցել նաև Գյումրիում և Վանաձորում:
Երևանյան սեմինարին մասնակցեցին տարբեր մարզական ֆեդերացիաների ավելի քան 50 պատվիրակներ:
ՀՀ սպորտային օրենսդրության փոփոխությունները 2025թ արգելված ցանկի և АRМ-NADO կայքի փոփոխությունների մասին զեկույցով հանդես եկավ դոկտոր պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը:
Սպորտում օգտագործման համար թույլատրված և արգելված բժշկական նյութերի և դրանց ապրանքանիշերի որոնման և սննդային հավելումների օգտագործման վերաբերյալ խոսեց ՀՀ հակադոպինգային կենտրոնի ղեկավար Դավիթ Մոսինյանը:
<<ADEL >>-ի կիրառման մեթոդաբանությունը և Play True վիկտորինայի անցկացումը թեմայով հանդես եկավ Գոհար Սահակյանը:
Անժելա Սահակյանը ունկնդիրների ուշադրությանը ներկայացրեց դոպինգի պատմության, դոպինգի վտանգների և թեստավորման ընթացակարգի հարցերը: Կայացավ նաև երիտասարդ մարզիկների և դպրոցականների համար կրթական ֆիլմերի շնորհանդեսը:
Ելույթներում կարևորվեց, որ մինչև 2025թ. բոլոր օլիմպիական մարզաձևերի ներկայացուցիչները / մարզիկներ, մարզիչներ, բժիշկներ ,անձնակազմ և այլն / պետք է ունենան <<ADEL >> - ի հավաստագիր: Այդ փաստաթուղթը արդեն ունեն մեր ծանրորդները և ըմբիշները: Իսկ ինչ է իրենից ներկայացնում <<ADEL >> -ը: Դա դոպինգի համաշխարհային կազմակերպության պարտադիր արտոնագիր է:
Բանախոսները անդրադարձան թեստավորման ընթացքում մարզիկների, մարզիչների իրավունքների ու պարտականությունների փոփոխություններին, որտեղ հատկապես կարևորվում է կրտսեր տարիքայինների գործընթացը:
Ներկաները զեկուցողներին դիմեցին բազմաթիվ հարցերով, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Եղավ նաև մտքերի փոխանակում: