ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐՈՒՄ

11:27 - 07 Հոկ, 2025

ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, սուխումցի Հակոբ Քերսելյանի ղեկավարությամբ է մարզվել անվանի աթլետ Վիկտոր Սանեևը: Նա օլիմպիական խաղերի եռակի ոսկե դափնեկիր է և եռացատկում սահմանել է համաշխարհային բազմաթիվ ռեկորդներ:

ԽՍՀՄ փլուզումից հետո Սանեևը ընտանիքով  բնակություն է հաստատել Ավստրալիայում, որտեղ 2022թ. կնքել է մահկանացուն:

Նրա հիշատակը վառ են պահում Վրաստանում և անցկացվում  է   մեծանուն մարզիկի միջազգային ավանդական հուշամրցաշարը:

Այս անգամ մասնակիցների թվում էին հայաստանցի չորս մարզիկներ: Առավել հաջող հանդես եկավ արտաշատցի ցատկորդ Գոռ Հովակիմյանը: Նա առաջինը ճանաչվեց և հեռացատկում / 7մ. 12 սմ ./ ,  և եռացատկում / 15մ. 21 սմ. /: Երկու պարգևի արժանացավ նաև նրա կապանցի  թիմակցուհի  Յանա Սարգսյանը, որը երկրորդն էր հեռացատկում / 5մ. 56 սմ. / և երրորդը ՝ եռացատկում / 12մ. 09 սմ. /:

Կապանցի Նարեկ Սողոմոնյանը երրորդն էր հեռացատկում / 5մ. 89 սմ./: Նրա համաքաղաքացի Դիմա Գրիգորյանը երկրորդն էր հեռացատկում ՝ 5մ. 97 սմ.:

Նշած  մրցանակակիրները, և ընդհանրապես մրցաշարի բոլոր մասնակիցները իրենց լավագույն  ցուցանիշներից  ցածր հանդես եկան: Նշենք թեկուզ Վրաստանի առաջատար ցատկորդ   Մարի Ձագրիձեին, որը  իր բարձրագույն արդյունքից 61 սմ. պակաս ցատկեց:

Մրցումների ընթացքում եղանակը անակնկալ ցրտեց: Դրա հետևանքով մասնակիցների մկանախամբերը պրկվեցին: Ահավասիկ  Գոռ Հովակիմյանը: Նա  հեռացատկում  իր լավագույն արդյունքը / 7մ. 67 սմ . / զիջեց 55սմ -ով, իսկ եռացատկում / 16մ . 30 սմ./  1մ. 09 սմ . –ով:

Մրցումների լավագույն մարզիկի համար սահմանված մրցանակը Գոռ Հովակիմյանին հանձնեց Վիկտոր Սանեևի այրին ՝ տիկին Տատյանան:

Վրաստանի ԱՕԿ –ի ղեկավարությունը մասնակիցների ներկայությամբ բացեց Սանեևի հուշաքարը, որը նախօրյակին էր տեղադրվել մեծ մարզիկի ապրած տան պատին: Այնուհետև աթլետները դիտեցին Վ. Սանեևին նվիրված ֆիլմը:

Այլ նորություններ