
Հեղինակությունների մասնակցությամբ է անցկացվում Սերբիայի Նովի Սադ քաղաքում երեկ մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների միջև անցկացվող աշխարհի առաջնությունը:
Հայտավորված մարզիկների թվում են օլիմպիական խաղերի երկու չեմպիոններ, աշխարհի և աշխարհամասերի բազմաթիվ հաղթողներ և մրցանակակիրներ:
Երեկ մրցագորգ ելած մեր քառյակից վստահ մրցելույթներ ունեցավ շիրակցի գերծանրքաշային Ռազմիկ Քուրդյանը: Վաստակավոր մարզիչ Արամ Գասպարյանի սանը հաղթանակ տարավ բելառուսցի Իլյա Շումչիկի / 4 : 3 /, Չեխիան ներկայացնող Արթուր Սարգսյանի / 3 : 2 /, ռուսաստանցի Ալեքսանդր Մելիխովի / 5 : 1/ նկատմամբ և մտավ եզրափակիչ: Ոսկե մեդալի համար Ռազմիկը այսօր կմրցի իրանցի Ֆարդին Հեդայաթիի հետ:
Ավաղ, ձախողվեցին նրա թիմակիցներ Դավիթ Ջոթյանը / 63 կգ /, Սամվել Տերտերյանը / 77 կգ / և Ռուբեն Գևորգյանը / 87 կգ /:
Մեր ըմբիշներից այսօր մեկնարկի կելնեն Արայիկ Թոփալյանը / 55 կգ /, Ռուբեն Միրանյանը / 67 կգ /, Գասպար Տերտերյանը / 72 կգ / և Արշակ Գեղամյանը / 97 կգ /։
Արժե նշել, որ հունահռոմեականներից հետո մրցագորգերը կտրամադրվեն կանանց, ապա՝ ազատ ոճայիններին:
Առաջնությանը հայտավորված են ավելի քան 700 ըմբիշներ: