
Աշխարհի ֆուտբոլի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալեց Հունգարիայի թիմին և պարտվեց 0:1 հաշվով:
Արդյունքը բնականաբար չի գոհացնում: Այնուամենայնիվ, տանտերերի ձախողումը պատճառաբանված է, նույնիսկ կասեինք՝ արդարացված: Բանն այն է, որ մեր թիմի հիմնական կազմից բացակայում էին մի խումբ խաղացողներ:Նրանց փոխարեն գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ասպարեզ հանեց մեր ներքին առաջնության մասնակից ակումբների ներկայացուցիչներին: Հասկանալի է՝ հայտացուցակում գրանցված նորեկների անունները շատերի համար նույնիսկ անծանոթ էին: Դժվար էր հավատալ, որ հիրավի արդեն ազգային կոչվող մեր հավաքականի նորաթուխ սաները նվիրական խաղ, հուսալի վարպետություն, հաղթանակի ձգտում կցուցադրեն, և որ չափազանց կարևոր է, ուրախության ու հպարտության զգացումներ կհաղորդեն ֆուտբոլասերներին: Նրանք արդեն հաջողություն, հաղթանակ կակընկալեն մեր ընտրանուց:
Ինչպես կյանքի բոլոր բնագավառներում, սպորտում, մասնավորապես ֆուտբոլում նույնպես հույսը պետք է դնել տեղացի մարզիկների վրա: Մնում է, որ պատանեկան ֆուտբոլի մասնագետները կարողանան փոխել իրենց աշխատաոճը և արժանի հերթափոխ պատրաստեն հայրենական ֆուտբոլի համար: Հարկ է նաև գնահատել, որ երկրի գլախավոր թիմը կարող են համարել գոհացնող ֆիզպատրաստականություն ունեցող, նույնիսկ քսանը չբոլորած տղաները, ինչպիսին է, օրինակ, Իսպանիայի հավաքականի շնորհալի խաղացող Յամալը: Նման երիտասարդներ մեզանում կան, մանավանդ փորձը և կյանքը համոզել է, որ հարավցի պատանիները շուտ են հասունանում: Հասկանալի է, պիտի ուշադրության կենտրոնում ունենալ նաև այնպիսի վարպետներին, ինչպիսիք են մեր ֆուտբոլասերի համակրանքը վայելող Սպերցյանը, Թիկնիզյանը, Սևիկյանը . . .
Մի խոսքով, գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ճիշտ էր իր որոշումներում:
F խմբում Հայաստանի թիմը երեք միավորով վերջինն է։ Նոյեմբերի 16-ին, խմբային վերջին տուրում, մերոնք Պորտուգալիայում կմրցեն տեղի ընտրանու հետ: